Եթե Հայոց ցեղասպանությունը ժամանակին դատապարտվեր, ապա կկանխարգելվեին հետագա ցեղասպանությունները. ՀՀ նախագահի ուղերձը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում նշվում է.

«Այսօր հայ ժողովուրդն ու նրա բարեկամները, ողջ առաջադեմ մարդկությունը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Անցյալ դարասկզբին, օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի խառնաշփոթից և մեծ տերությունների թողտվությունից, Օսմանյան կայսրության երիտթուրք պարագլուխները ծրագրավորեցին և իրականացրեցին հայ բնակչության դաժանագույն ջարդերն ու կոտորածը: Այդ ողբերգությանը զոհ դարձավ ավելի քան 1,5 միլիոն հայ, հարյուր հազարավոր հայեր ստիպված լքեցին իրենց բնօրրանը, տարհանվեցին, զրկվեցին հայրենիքից ու գույքից՝ բռնելով գաղթի ճամփան: Փրկվելով մահից, կորցնելով հարազատներին՝ մեր հայրենակիցները սփռվեցին աշխարհով մեկ, գտան իրենց նոր հանգրվանն օտար ափերում, տարբեր հյուրընկալ երկրներում: Դրսևորելով ապրելու և արարելու անկոտրում կամք՝ նրանք կազմեցին ընտանիք, կառուցեցին դպրոցներ ու եկեղեցիներ, հիմնեցին գաղթօջախներ, հայրենակցական միություններ ու տարաբնույթ կազմակերպություններ: Սփյուռքահայությունը հարստացրեց իր ապրած երկրների հասարակական, գործարար ու մշակութային ներկապնակը՝ ի ցույց դնելով հայի տաղանդն ու բացառիկ ընդունակությունները, փառք ու պատիվ բերելով մեր ժողովրդին:

Այսօր Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են մի քանի տասնյակ պետություններ և հեղինակավոր միջազգային կազմակերպություններ: Համոզված ենք, եթե Հայոց ցեղասպանությունը ժամանակին դատապարտվեր, ապա կկանխարգելվեին հետագա ցեղասպանությունները: Հենց այդ պատճառով է Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում հետևողական պայքար մղում ցեղասպանության հանցագործության դատապարտման և կանխարգելման ուղղությամբ: Հայաստանի ջանքերով դեկտեմբերի 9-ն ամրագրվել է որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: Ցեղասպանությունների կրկնությունը բացառելու նպատակով կարևոր է պատմական հիշողությունը, շարունակական կրթությունը ու կատարվածի մասին ճշգրիտ տեղեկատվության տարածումը:

Մենք գիտակցում ենք, որ մեր նահատակված հայրենակիցների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու լավագույն ձևը՝ հզոր և ժողովրդավար Հայաստանի կայացումն է, մեր ժողովրդի բարօր կյանքի, մեր երկրի սահմանների ամրության ու անվտանգության ապահովումն է, Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդումն է»:

Հայերեն العربية English Français Русский

«Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան

ՌԴ-ի վրա արձակվել է 571 ԱԹՍ, կրկին թիրախավորվել են Wildberries-ի պահեստները

Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին

Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը

ՀՀ պետբյուջերի եկամուտները 2026 թվականի առաջին կիսամյակում կազմել են 1,643 մլրդ դրամ

ՆԳՆ-ն հատուկ միջոցառումներ է իրականացրել. հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ

Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին

ԱՄՆ-ի և Իրանի շարունակական հարվածների ֆոնին Թրամփը հայտնել է, որ առայժմ չի բանակցի նոր հրադադարի շուրջ

60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները

«Երևանյան բեսթսելեր». «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. մանկական. հունիս, 2026