Հասարակական

Կարեն Անդրեասյանը և Դմիտրի Արիստովը հարկադիր կատարման ոլորտի համագործակցության ծրագիր են ստորագրել 

2 րոպեի ընթերցում

Կարեն Անդրեասյանը և Դմիտրի Արիստովը հարկադիր կատարման ոլորտի համագործակցության ծրագիր են ստորագրել 

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի և ՌԴ դատական կարգադրիչների ծառայության տնօրեն Դմիտրի Արիստովի կողմից ստորագրվել է «ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՌԴ Դատական կարգադրիչների դաշնային ծառայության միջև համագործակցության ծրագիրը»:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, ծրագրի շրջանակներում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել 2022-2023թթ.-ին իրականացնել մի շարք փոխադարձ այցեր, այդ թվում.

  • Դատական կարգադրիչների դաշնային ծառայության պատվիրակության այց Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ դատական ակտերի հարկադիր կատարման աշխատանքներին ծանոթանալու նպատակով:
  • Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվիրակության մասնակցություն՝ հարկադիր կատարման հարցերով առաջին միջազգային ֆորումին:

«Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն անդրադարձել է նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ առավելապես ընդգծելով թվային տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել ձեռնարկել քայլեր իրենց ղեկավարած գերատեսչությունների միջև համագործակցությունը խորացնելու ուղղությամբ, որը կնպաստի նաև Հարկադիր կատարման ծառայության բարեփոխմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում