Հայաստանի համար սկզբունքային է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը. Արարատ Միրզոյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանը իր առաջարկներով ամբողջացրել է Ադրբեջանի կողմից ուղարկված հինգ առաջարկները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ՝ ավելացնելով, որ հայկական կողմի համար սկզբունքային է Արցախի իրավունքների և Արցախի կարգավիճակի հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հետ տեղի ունեցած առանձնազրույցից և ընդլայնված կազմով հանդիպումից հետո:

Արտգործնախարար Միրզոյանը ընդգծեց, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր փուլերում, ինչպես եւ այսօր հանդես է եկել հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման օգտին: Այս համատեքստում նա հիշեցրեց, որ Ադրբեջանը որոշակի առաջարկներ է փոխանցել հայկական կողմին Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

«Մենք այդ առաջարկները համարել ենք ընդունելի՝ միաժամանակ ասելով, որ դրանք, այնուամենայնիվ, ամբողջապես չեն հասցեագրում խնդիրների ողջ օրակարգը, և մենք մեր առաջարկներով ամբողջացրել ենք այս օրակարգը՝ ավելացնելով, որ մեզ համար սկզբունքային է Լեռնային Ղարաբաղի իրավունքների և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Ակնկալում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահությունը առաջիկայում, այնուամենայնիվ, կկարողանա կազմակերպել խաղաղ բանակցություններ այս օրակարգով և համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու նպատակով», - հայտարարեց Արարատ Միրզոյանը:

Նախարարը շեշտեց, որ Երևանը հետևողական է ինչպես նշված, այնպես էլ 44-օրյա պատերազմից հետո ընդունված եռակողմ երեք հայտարարությունների շրջանակում հայկական կողմի ստանձնած պարտավորություններին և նախանշված ուղենիշներին: Մինչդեռ Ադրբեջանը 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ավարտից մոտ մեկուկես տարի անց շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքը, ինչպես նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր կողմից ստանձնած պարտավորությունները՝ պատանդառության մեջ պահելով հայ ռազմագերիներին:

«Ուզում եմ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը սահմանագոտում ձեռնարկելու կայունության բարձրացման քայլեր և այնուհետև ձեռնամուխ լինելու նաև Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի մեկնարկին: Ուզում եմ նշել նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես գիտեք, ընթանում են բանակցություններ, խորհրդակցություններ տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակման վերաբերյալ, և այստեղ ևս մենք հանդես ենք եկել առաջարկներով և սպասում ենք Ադրբեջանի արձագանքին: Մենք հավատում ենք, որ ինչպես տնտեսական ուղիների ապաշրջափակման, այնպես էլ ավելի լայն առումով համապարփակ խաղաղություն հաստատելու հարցում միջազգային գործընկերների համապատասխան դիրքորոշմամբ, նաև հավանաբար Ադրբեջանի կառուցողական դիրքորոշումը ունենալու դեպքում կկարողանանք ունենալ ավելի շոշափելի արդյունքներ», - հավելեց Հայաստանի արտաքին գործերի նախարարը:

Մինչ այդ Արարատ Միրզոյանը հույս էր հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, չնայած ուկրաինական ճգնաժամի վրա միջազգային ուշադրության մեծ մասի սևեռմանը, կմնա ԵԱՀԿ օրակարգում:

2022 թ. ապրիլի 1-ին մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի այցը Երևան։ ՀՀ ԱԳՆ-ում նրան դիմավորել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Արտգործնախարարությունում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Զբիգնև Ռաուի առանձնազրույցը, դրան հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման ավարտից հետո Հայաստանի արտգործնախարարը և ԵԱՀԿ գործող նախագահը հանդես են եկել հայտարարություններով:

Հայերեն العربية English Français Русский