ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Հայ գրականություն . Նորայր Ադալյան, «Էմբրիոն»
Գրքում զետեղված են երեք վիպակներ, որոնք թարգմանվել են նաև օտար լեզուներով (ռուսերեն, գերմաներեն, սլովեներեն): Վիպակներն արտացոլում են ժամանակակից մարդու հուզաշխարհը և մտածողությունը, որոնք գրողի երկարամյա ստեղծագործական հետաքրքրություններից են: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:
Թարգմանական գրականություն. Նարինե Աբգարյան, «Դրսեկը»
Սա կիսազավեշտական դրվագներով պատմություն է մի հպարտ ու դեռատի աղջկա մասին, որը հախուռն 90-ականներին թողնում է իր լեռնային, գողտրիկ հայրենիքն ու գնում Մոսկվան նվաճելու: Ամեն դրսեկ իր Մոսկվան ունի: Վեպի հերոսուհու Մոսկվան բոլոր այն մարդիկ են, որոնց հետ ծանոթացնում է այդ խելահեղ քաղաքը: Այդ մարդիկ հերոսուհուն սիրում են, պաշտպանում, ուղեկցում են անծանոթ փողոցներով, որոնց մասին գիտեն միայն տեղացիները, բայց ոչ երբեք՝ դրսեկները: Գիրքը «դրսեկ-ներսպրծուկի» կյանքի մի փոքրիկ հատվածի մասին է, որը, գուցե, անծանոթ է մեծ քաղաքների բնակիչներին: Զվարճալի ու մի քիչ էլ դառն է օտարականի կյանքի այդ հատվածը, որի շնորհիվ հերոսուհին կայանում է որպես դրսեկ և որպես մոսկվացի: Մարդու կյանքում միշտ տեղ կա սխրանքի համար: Մի սխրանքը արտագաղթելու որոշում կայացնելն է, երկրորդը՝ նոր հայրենիքն ընդունելն ու սիրելն է այնպիսին, ինչպիսին է այն՝ իր բոլոր լավ ու վատ կողմերով: Եվ այդ դեպքում նոր հայրենիքն անպայման պատասխանում է փոխադարձ սիրով: Անպայման: Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։
Մանկապատանեկան գրականություն. Ագնեսա Վանագա, «Էկոխուլիգանները»
Չիեկուրկալնում ապրող Կլաուսը և Ինտարը պատահաբար հանդիպում են պոլիէթիլենե տոպրակ Բարկատուրիկին, որը ոչ միայն կենդանի է և խոսում է, այլև բարկացկոտ է։ Նրան աղբամանն են նետել, և նա բազմաթիվ այլ տոպրակների հետ թափառում է փողոցներում, խճճվում ծառերի ճյուղերի մեջ և չփչփացնում ջրափոսերում։ Ինչպե՞ս փրկել աշխարհն այս էկոխուլիգաններից։ «Գիրք, որը ստիպում է փոխվել և մտածել կարևորի մասին։ Երեխաները բերանները բաց լսում են այս գրավիչ և ապրումներով հագեցած պատմությունը»։ Լատվիերենից թարգմանությունը՝ Գոհար Ասլանյանի։ Գիրքը լույս է ընծայել «Վերնատուն»-ը:
Փաստավավերագրական գրականություն. Ռիչարդ Բրենսոն, «Երբ կորցրի կուսությունս»
Ռիչարդ Բրենսոնի «Երբ կորցրի կուսությունս» գիրքը կյանքի բաժակը ցմրուր ըմպող գործարարի հաջողության պատմությունն է: Սա մեր ժամանակների ամենամեծ բիզնես-հանճարներից մեկի անսովոր, հաճախ հախուռն և տպավորիչ ինքնակենսագրականն է: Առաջին գործը սկսելիս Բրենսոնն ու ընկերները իրենց բնորոշմամբ դեռևս «կույս էին բիզնեսում», և ընկերությունը «Virgin» կոչեցին: Այդ պահից Բրենսոնը հաջողության սեփական օրենքները գրեց, ընկերությունների խումբ ստեղծեց, որը գլխամասային գրասենյակ չունի, այնտեղ ստորակարգությունն ու բյուրոկրատիան չեն իշխում: Բրենսոնը պատմում է ռիսկերից չվախենալու, անապատների վրայով օդապարիկով անվախ ճախրելու, համաշխարհային մեծության երաժիշտների հետ պայմանագրեր կնքելու, Իրաքի պատերազմի ժամանակ պատանդներին փրկելու և շատ այլ ձեռնարկների մասին: Բրենսոնի արկածներով հարուստ ճանապարհը շարունակվում է մինչ օրս, իսկ նրա անցած ուղին կարող է ուսանելի լինել ապագա Բրենսոնների համար: Թարգմանիչ՝ Լիլիթ Քալաշյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:
«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը