ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2024 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Հայ գրականություն
Վահրամ Աթանեսյան, «Աստծու հաջորդ օրը»
Վահրամ Աթանեսյանի «Աստծու հաջորդ օրը» վեպը պատմության ընթացքի հեղինակային փորձընկալում է, որն իր հերթին ստեղծում է մեկնաբանությունների և փորձընկալումների տարածություն, և այդ առումով շատ հարցերում մեկնակետային է: Միևնույն ժամանակ այն գեղարվեստական հրաշալի իրացում է, որում իրադարձությունների հոսքն ու մարդկանց պատկերաշարը չափազանց ներդաշնակ զարգացումների ու ընդհանրացումների տիրույթում են: Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը։
Թարգմանական գրականություն
Էրիխ Մարիա Ռեմարկ, «Անուրջների օթևանը»
Նկարիչ և բանաստեղծ Ֆրից Շրամը ձեղնահարկի իր բնակարանում ընդունում է մշակույթով հետաքրքրված երիտասարդների: Նրա և երաժշտություն ուսանող Էռնստ Վինտերի միջև խոր ընկերություն է ձևավորվում. Ֆրիցը, որպես խորհրդատու, մշտապես աջակցում է երիտասարդ կոմպոզիտորին, ապա ծանոթացնում նրան Էլիզաբեթի հետ:
Բայց հետո Էռնստը սիրահարվում է օպերային երգչուհի Լաննային:
«Անուրջների օթևանը» գաղափարակիցների միջև կապերի և արվեստին նվիրված երկար ու բեղմնավոր կյանքի ճանապարհի պատմություն է: Այն նկարագրում է երիտասարդ արվեստագետի հուզիչ կերպարը, որն արտացոլում է հենց իր՝ Ռեմարկի՝ որպես մեծ գրողի զարգացման ուղին: Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1920թ.: Գերմաներենից թարգմանեց Նարինե Թադևոսյանը։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։
Մանկապատանեկան գրականություն
Մայք Մեյհաք, «Սարդ Մարդ. կենդանիներ, հավաքվեք»
Երբ Վրիժառուները հավաքվում են Նյու Յորքին սպառնացող սուպեր վտանգը կանխելու, Սարդ Մարդուն վստահվում է ամենակարևոր գործը՝ հետևել, որ Վրիժառուների կենդանիներին ոչինչ չպատահի։ Սակայն երբ սուպեր կենդանիների պատճառով քաղաքում սկսվում է քաոս, վտանգն է՛լ ավելի է մեծանում, Սարդ Մարդը գիտակցում է, որ սուպեր հերոս լինելն ավելին է, քան պարզապես սարդոստայնից կախված ճոճվելը։ Մասնակցությամբ՝ բոլորի կողմից սիրված Վրիժառուների՝ Երկաթե Մարդու, Կապիտան Ամերիկայի, Սև Հովազի և մյուսների։
Հեղինակ և նկարիչ Մայք Մեյհաքը այս գրքով մեկնարկում է պատմությունների բոլորովին նոր շարք՝ լի հումորով, արկածներով և չարաճճի կենդանիներով։ Թարգմանիչ՝ Նարեկ Մարգարյան։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը։
Փաստավավերագրական գրականություն
Ջուլյա Սամուել, «Ամեն ընտանիք իր պատմությունն ունի»
Ինչո՞ւ են որոշ ընտանիքներ դժբախտությունից հետո առավել ամրապնդվում, իսկ մյուսները՝ կազմաքանդվում: Ինչպե՞ս են ընտանիքներն ապրում վիշտն ու հաղթահարում բարդ շրջափուլերը: Ինչո՞ւ են մեր ընտանիքները մեզ խելագարության հասցնում: Եվ ինչպե՞ս են չնչին փոփոխությունները բարելավում մեր հարաբերությունները: Հոգեթերապևտ Ջուլյա Սամուելն իր ընտանիքի օրինակով և իր պացիենտ ութ ընտանիքների պատմություններով ուսումնասիրում է սիրո, տրավմայի և կորստի ժառանգական օրինաչափությունները: Սամուելը ներկայացնում է ընտանեկան տրավմաների ազդեցությունն անհատական բարեկեցության, միջանձնային կապերի և սերունդների վրա, հետազոտում է այն հարաբերությունները, որոնք և՛ հուզում են մեզ, և՛ ցավեցնում։ Նա բացահայտում է տատերի և պապերի, եղբայրների ու քույրերի՝ հաճախ թերագնահատված ազդեցությունը մեզ վրա: Հեղինակն այս գրքում առաջարկում է ընտանիքում մեր հարաբերությունները բարելավելու գործիքներ, սովորեցնում արդյունավետ հաղորդակցվել, սահմաններ դնել, պայքարել և պատրաստ լինել փոփոխությունների: Այս գիրքը հուզիչ և հուսադրող ընտանեկան թերապիա է, որը տրավմայի և դժվարությունների ֆոնին պատմում է ներման, հույսի ու սիրո պատմություններ: Թարգմանիչ՝ Սամվել Խաչատրյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։
«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը