Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-36/24. Սամվելյան, Մյուլիշ, Ազնավուր

4 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-36/24. Սամվելյան, Մյուլիշ, Ազնավուր

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2024 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո: 

Հայ գրականություն 

Դավիթ Սամվելյան, «Մոռացված երկրի գանձերը» 

Սա պատմություն է մարդու մասին, որի ամբողջ կյանքն ասես փորձությունների հաղթահարում էր հանուն երազանքի, և այդ երազանքի դժվարին ուղին ծավալվում է մի փոքրիկ գյուղից մինչև մեծ քաղաք՝ հանդիպելով պատերազմի արհավիրքներին, 

պատերազմ, որում նա հայտնվում է դեպքերի բերումով: Վեպում նկարագրված են 20-րդ դարում Նախիջևանում տիրող միջէթնիկ հարաբերությունները, նախապատերազմական և հետպատերազմական կյանքի դժվարությունները, փոփոխություններն ու լարվածությունը: Վեպի հերոսի անձնական պատմությունը սերտորեն կապված է հայ ժողովրդի ճակատագրի հետ. պատմության բարդ էջերն անցնում են անհատի կյանքի պրիզմայով՝ արտացոլելով պատմական իրադարձությունների ազդեցությունը սովորական մարդկանց կյանքում: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։

Թարգմանական գրականություն 

Հարի Մյուլիշ, «Երկնքի հայտնագործումը» 

«Երկնքի հայտնագործումը» վեպը նիդեռլանդցի ականավոր գրող Հարի Մյուլիշի գլուխգործոցն է։ Կոթողային այս երկը հոգեբանական է և փիլիսոփայական, արկածային է և միստիկական, նաև պատմական ժամանակագրությունն է։ 

Վեպը անտեսանելի հաղորդակցություն է Երկնքի արքայության և Երկրի բնակիչների միջև։ Մարդկությունը վերջնականապես բարկացրել է Աստծուն։ Եվ այժմ բոլոր մեղքերի պատճառով Նա ցանկանում է Երկինք վերադարձնել տասը պատվիրանները, որ Երկիրն ընդմիշտ մնա սատանայի ճիրաններում։ 

Պատվիրանների քարե տախտակները կարող է գտնել և դրախտ հասցնել միայն ընտրյալը, որի ծնունդը փորձությունների և մտածումների բարդ շղթա է։ Երկնային ուժերը «պատահաբար» միավորում են երեք հասարակ մահկանացուների, որոնց անկանխատեսելի և անհեթեթ արարքներից ծնվում է գլխավոր հերոսը` Կվինտենը, որին վիճակված է մարդկությանը գցել դատապարտության անդունդը կամ փրկել կործանումից։ Գիրքը լույս է ընծայել «Վերնատուն»-ը։

Փաստավավերագրական գրականություն  

Շառլ Ազնավուր, «Կյանքը Շառլի աչքերով»

Շառլ Ազնավուրի փիլիսոփայության և մտքերի անթոլոգիան խնամքով կազմել է նրա որդին՝ Նիկոլա Ազնավուրը: Գրքում մաեստրոյի հազարավոր հարցազրույցներից, անտիպ ստեղծագործություններից հատվածներ են, որոնք ուղեկցվում են անտիպ ու հազվագյուտ լուսանկարներով: Երիտասարդություն, արմատներ, Հայաստան, ընտանիք, սեր, երաժշտություն, աշխատանք, արժեքներ, ճանապարհորդություն, Ֆրանսիա, բոհեմ, բիզնես, երկարակեցություն, մահ. մի խոսքով՝ կյանքն ըստ Շառլ Ազնավուրի: «Հայրս կյանքի բանաստեղծ էր, սիրային պատմությունների երգիչ, զգացմունքների թարգման։ Այս գրքում հավաքված են նրա մտորումները, պատկերացումներն ու խոհերը սիրո, կրքերի, հուշերի և իղձերի մասին: Այս գիրքը ճանապարհորդության հրավեր է դեպի հորս տիեզերքը, նրա մեղեդաշխարհ ու պոեզիա»: Նիկոլա Ազնավուր

Թարգմանիչ՝ Սամվել Գասպարյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։ 

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում