Տարածաշրջանային

Թուրքիայի ԱԳ նախարարը կրկին խոսել է ՄԱԿ-ի համակարգը փոխելու անհրաժեշտության մասին

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի ԱԳ նախարարը կրկին խոսել է ՄԱԿ-ի համակարգը փոխելու անհրաժեշտության մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Անկարան Ուկրաինայում ծավալվող դեպքերն օգտագործել է՝ հերթական անգամ բարձրացնելու ՄԱԿ-ի կառուցվածքը փոփոխությունների ենթարկելու գաղափարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս անգամ թեմայի շուրջ խոսել է արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Ճապոնիայի իր գործընկերոջ հետ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք մտքերով փոխանակվեցինք այն մասին, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում: Իրադրությունն այնտեղ կրկին ցույց է տալիս, որ ՄԱԿ-ի համակարգը բարեփոխումների կարիք ունի»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը՝ նշելով, որ նախ և առաջ պետք է «բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերին բազմիցս հանդես է եկել նմանօրինակ հայտարարություններով: Իսկ 2021 թվականի հոկտեմբերին, հանդես գալով Անգոլայի խորհրդարանում, նա հայտարարել է, որ մարդկության ճակատագիրը չպետք է Երկրորդ աշխարհամարտում հաղթանակ տարած մի քանի երկրների բարեգթությանը թողնվի: «Աշխարհն ավելին է, քան հինգ երկրները»,- ասել էր նա՝ նկատի ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում