Երևանն աշխարհի հետ կապվելու կենտրոն. ՌԴ-ն ՀՀ-ի հետ զբոսաշրջային համագործակցությունն ընդլայնելու մեծ հետաքրքրություն ունի
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում անցկացվող MITT Moscow ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսին Հայաստանի տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել թե անհատների, թե տուրօպերատորների ու պետական կառույցների շրջանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի և թվային մարքեթինգի փորձագետ Գայանե Այվազյանը Մոսկվայից փոխանցեց, որ վերջին օրերին հանդիպումների հագեցած օրակարգ են ունեցել: Հանդիպումներ են եղել Ռոստուրիզմի, Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի, Սոչիի, Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի և մի շարք այլ քաղաքների զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների, ռուսական ճամփորդական մի շարք լրատվամիջոցների հետ:
«Ակտիվությունը բավական մեծ է, հայկական տաղավարի մոտ շատ մեծ հետաքրքրություն կա թե անհատների, թե ոլորտի ներկայացուցիչների կողմից: Մենք մի շարք հանդիպումներ ենք ունեցել ոլորտի ներկայացուցիչների հետ: Հիմնականում խոսվում էր հետագա համագործակցության կարևորության մասին հատկապես այս պայմաններում (խմբ.-ռուս-ուկրաինական զարգացումներ): Համագործակցությունն ընդլայնելու մեծ հետաքրքրություն կա Ռուսաստանի կողմից, նրանք շահագրգռված են Հայաստանի հետ ավելի արդյունավետ աշխատելու հարցում: Նույնիսկ խոսվում էր առաջարկների մասին, որ Երևանը դառնա որոշակի կենտրոն, որտեղից հնարավոր կլինի կապվել աշխարհի հետ, հատկապես այն պարագայում, որ ՌԴ-ն գտնվում է պատժամիջոցների ներքո»,-ասաց Գայանե Այվազյանը: Նրա խոսքով, քննարկումներում ամենաշատ տրվող հարցերը վերաբերում էին ավիաթռիչքներին: Կարևորվել է հայկական ավիաընկերությունների աշխատանքը: Հայկական ավիաընկերությունները շարունակում են թռիչքները ՌԴ-ի ուղղությամբ և այս օրերին կապը չի կտրվել:
Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ ցուցահանդեսին մեկ միասնական տաղավարով Հայաստանի զբոսաշրջային ներուժը ներկայացնում են 13 զբոսաշրջային ընկերություն: «Ջասթ Թրևլ» տուրիստական ընկերության ներկայացուցիչ Նաիրա Թովմասյանը «Արմենպրես»-ին փոխանցեց, որ Հայաստանը ցուցահանդեսին ներկայացնում է Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունների լայն շրջանակ: Տուրպրոդուկտներ են ներկայացված արկածային, մշակութային, գաստրո տուրիզմից:
«Այս դժվար իրավիճակում, որ շատ երկրներ փակել են այցելությունների հնարավորությունները Ռուսաստանի քաղաքացիների համար, Հայաստանը այն քիչ վայրերից է, ուր ռուս զբոսաշրջիկները կարող են այցելել: Հայաստանն ունի բազմապիսի զբոսաշրջային արդյունք, բազմաթիվ հնարավորություններ կան թե արկածային, թե գաստրո, թե գինեգործական, թե մշակութային զբոսաշրջության ուղղություններով»,-ասաց Նաիրա Թովմասյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը բավական հարմարավետ հարթակ է կորպորատիվ տուրիզմի կազմակերպման համար, ինչը մինչև համավարակը մեծ թափ էր ստացել Հայաստանում: Նա նկատեց, որ այսօր առավել քան կարևոր է, որ ռուս գործընկերն իմանան՝ Հայաստանը պատրաստ է համագործակցությունը շարունակել՝ չնայած բոլոր դժվարություններին:
«MITT Moscow»-ն Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսն է, որին Հայաստանը մասնակցել է։ Ռուսաստանը Հայաստանի զբոսաշրջային ամենամեծ և առաջնային շուկաներից է։ 2021թ․-ին ամենամեծ զբոսաշրջային հոսքերը Ռուսաստանից էին: Նախորդ տարի Հայաստան էր ժամանել 350,569 ռուսաստանցի զբոսաշրջիկ։
Աննա Գզիրյան