Հայաստանն իր մշակութային հարստությամբ կներկայանա «Շարժայի ժառանգության օրեր» փառատոնին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, որը բոլորովին վերջերս է ստանձնել փոխնախարարի պարտականությունները, վստահեցնում է՝ երկրի մշակութային արժեքները պահպանելու, վերականգնելու, հանրայնացնելու ամբիցիոզ և հեռանկարային ծրագրեր ունեն:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Քոչարյանը հայտնում է, որ 2022-ին վերականգնելու են պատմամշակութային մի շարք հուշարձաններ, ուշագրավ միջոցառումներ են կազմակերպելու ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի մարզերում, իսկ մարտի 10-28-ը Հայաստանը մասնակցելու է Արաբական Միացյալ Էմիրություններում կայանալիք «Շարժայի ժառանգության օրեր» փառատոնին:

Նրա խոսքով՝ Շարժայի ցուցադրությանը Հայաստանը զբաղեցնելու է կենտրոնական դիրք: «Մեր տաղավարում ներկայացվելու են մեր ամբողջ մշակույթն ու պատմությունը: Ելույթներով հանդես կգան նաև նվագախմբեր, պարզապես դեռ քննարկումների փուլ է, և չենք կարող բացել փակագծերը: Պատրաստել ենք տեսաֆիլմեր, հոլովակներ: Արել ենք հնարավորը մեր տաղավարի այցելուներին տպավորելու համար»,-նշում է Քոչարյանն ու հավելում, որ Հայաստանի պատվիրակության կազմում է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, որը համագործակցության հուշագիր կստորագրի Շարժայի ժառանգության ինստիտուտի հետ:

Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը նպաստելու, Երևանից զատ նաև այլ քաղաքներում մշակութային կյանքն ակտիվացնելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ առաջիկայում Գյումրիում կկազմակերպվի «Գյումրի՝ վարպետաց քաղաք» խորագրով ցուցահանդեսը: Փոխնախարարը կարծում է՝ եթե միջոցառումը պատշաճ լուսաբանվի, այն զբոսաշրջիկներին կտանի Գյումրի:

Անդրադառնալով Հովհ.Շարամբեյանիանվան ժողովրդական արվեստներիթանգարանի Դիլիջանիմասնաճյուղի շենքի վիճակին՝ Քոչարյանը նշում է, որ այն բարվոք վիճակում չէ և պետք է ամրակայվի, նորոգվի, վերականգնվի: Ըստ փոխնախարարի՝ թանգարանի շենքի բարեկարգումն իրենց ծրագրերում կա: Առաջիկա 2 կամ 3 տարվա ընթացքում այնտեղ վերանորոգում կլինի, իսկ մի քանի տարի անց կվերականգնվի ամբողջությամբ:

Ալֆրեդ Քոչարյանը նախարարության առաջնային ու կարևոր խնդիրներից է համարում պատմամշակութային հուշարձանների վերականգնումը և հիշեցնում, որ հուշարձանների վերականգնման համար 2022-ին պետական բյուջեից կտրամադրվի 108 մլն դրամ. չի բացառում, որ ևս 128 մլն դրամով ավելանա գումարը, ինչը կախված է ծրագրերի իրականացման ընթացքից: «Շարունակվելու է պեղումների գործընթացը, պետական-մասնավոր համագործակցությունը: Նման համագործակցության լավ օրինակ է Արագածոտնի մարզի Աստվածընկալ եկեղեցու վերականգնումը: 2022-ին կմեկնարկեն Կոտայքի մարզի Սոլակի Մայրավանքի և Արագածոտնի մարզի Թալինի Կաթողիկե եկեղեցու վերականգնման աշխատանքները, որոնք ևս պետական-մասնավոր հատված համագործակցությամբ են իրականացվելու»,-տեղեկացնում է Քոչարյանը:

Տարվա ընթացքում շարունակվելու են նաև Սանահինի վանական համալիրի կտուրի, Գոշավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցու, Քոբայրի վանքի բարեկարգման աշխատանքները:

Ալֆրեդ Քոչարյանը կարծում է՝ հուշարձանների պահպանության գործում կարևոր է հասարակության գիտակցության բարձրացումը: Դրան հասնելու համար մեծ դերակատարություն կարող են ունենալ ընտանիքը, դպրոցը: «Պետք է մարդուն հիշեցնել, որ հուշարձանը ևս իր հայրենիքն է, որն անհրաժեշտ է սիրել, պահպանել, չվնասել, չփչացնել: Այդ նպատակով տարբեր կրթական ծրագրեր են իրականացնում նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ները և այլ կառույցներ»,-եզրափակում է Ալֆրեդ Քոչարյանը:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Հայերեն English Français Русский

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս