Հասարակական

Սերգեյ Կոպիրկինը շնորհակալագրով է պարգեւատրել Լիճքի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Գոհար Գեւորգյանին

2 րոպեի ընթերցում

Սերգեյ Կոպիրկինը շնորհակալագրով է պարգեւատրել Լիճքի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Գոհար Գեւորգյանին

ԳԱՎԱՌ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհակալագրով է պարգեւատրել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Գոհար Գեւորգյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Լիճքի միջնակարգ դպրոցից, շնորհակալագիրը դպրոցում կազմակերպված միջոցառման ընթացքում Գոհար Գեւորգյանին հանձնել է Հայաստանում գործող «Ռոսսիա» հասարակական կազմակերպության նախագահ Ելենա Հակոբյանը։ Գոհար Գեւորգյանը նման պարգեւի եւ ուշադրության արժանացել է ռուսաց լեզվի եւ մշակույթի պահպանման եւ տարածման, ինչպես նաեւ՝ վերջերս Մոսկվայում անցկացվող ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցիչների «Պուշկինյան» ամենամյա միջազգային մրցույթում հաղթող ճանաչվելու համար։

«Մեր դպրոցի համար մեծ պատիվ էր՝ նման ուշադրության ու գնահատականի արժանանալը։ Մեր ուսուցչուհու եւ աշակերտների նվաճումները տարբեր հարթակներում բազմիցս ապացուցել են, թե ինչ հիմքերի վրա է դրված մեզ մոտ ռուսաց լեզվի ուսուցումը, ռուսական մշակույթի պահպանումն ու տարածումը։ Գոհար Գեւորգյանի կողքին նվիրումով են իրենց մասնագիտական պարտքը կատարում նաեւ մյուս ուսուցչուհիները»,-նշեց դպրոցի տնօրեն Ալֆրեդ Սմբատյանը։

Իր տպավորություններով կիսվեց նաեւ «Ռոսսիա» հասարակական կազմակերպության նախագահ Ելենա Հակոբյանը։ «Անչափ տպավորված ենք հեռանում Լիճքի միջնակարգ դպրոցից։ Երեխաները մեզ հետ շփվում էին բացառապես մաքուր ռուսերենով, ազատ ու անկաշկանդ։ Այսքանը բավարար է՝ համոզվելու համար, թե այստեղ ինչպիսի սեր ու նվիրում կա ռուսաց լեզվի եւ մշակույթի հանդեպ։ Ու պատահական չէ, որ Գոհար Գեւորգյանը հաղթել է Մոսկվայում կայացած ամենամյա միջազգային մրցույթում։ Տպավորված ենք նաեւ կազմակերպված միջոցառումից»,-ներկայացրեց Ելենա Հակոբյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում