Միջազգային

Պուտինն ընտրել է կանխամտածված պատերազմը, որը կհանգեցնի մարդկային ողբերգական կորուստների. Բայդեն

2 րոպեի ընթերցում

Պուտինն ընտրել է կանխամտածված պատերազմը, որը կհանգեցնի մարդկային ողբերգական կորուստների. Բայդեն

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընտրել է կանխամտածված պատերազմը, որը «կհանգեցնի մարդկային ողբերգական կորուստների ու զրկանքների»:

«Ողջ աշխարհի աղոթքներն այսօր Ուկրաինայի ժողովրդի հետ են, քանի որ նրանք տառապում են Ռուսաստանի զինված ուժերի կողմից սանձազերծված ու չարդարացված հարձակման հետևանքով: Նախագահ Պուտինն ընտրել է կանխամտածված պատերազմը, որը կհանգեցնի մարդկային ողբերգական կորուստների ու զրկանքների: Միայն Ռուսաստանն է պատասխանատու այն մահերի ու ավերածությունների համար, որոնց կհանգեցնի այս հարձակումը, Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները և գործընկերները կպատասխանեն միասնական ու վճռորոշ կերպով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է Սպիտակ տան պաշտոնական կայքում հրապարակված Բայդենի հայտարարության մեջ:

ԱՄՆ նախագահը հայտնել է, որ հանդիպելու է G7-ի գործընկերների հետ, ինչից հետո փետրվարի 24-ին կդիմի ամերիկացիներին ու կհայտարարի Ռուսաստանի դեմ ԱՄՆ և դաշնակիցների հետագա քայլերի մասին:

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել նոր ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Նա հավելել է, որ Ռուսաստանի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, սակայն Ռուսաստանը կձգտի հասնել Ուկրաինայի ապառազմականացմանը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է երկրի ողջ տարածքում ռազմական դրություն մտցնելու մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում