Միջազգային

Ղազախստանում անկարգությունների հետևանքով Իսրայելի քաղաքացի է զոհվել

2 րոպեի ընթերցում

Ղազախստանում անկարգությունների հետևանքով Իսրայելի քաղաքացի է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարգությունների պատճառով Ղազախստանի Ալմաթի քաղաքում Իսրայելի քաղաքացի է զոհվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին հայտնում է Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը:

«22-ամյա իսրայելցի Բեն Կոջիաշվիլին սպանվել է նախորդ գիշեր Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ վերջին տարիներին երիտասարդն ապրել է Ղազախստանում: Գերատեսչությունը հավելել է, որ իսրայելցի դիվանագետները կապ են պահպանում սպանվածի ծնողների հետ, որոնք ապրում են Ղազախստանում, ընտանիքի այլ անդամների հետ, որոնք ապրում են Իսրայելում և աջակցում են, որպեսզի նրա մարմինը տեղափոխվի հայրենիք:

Ավելի վաղ Իսրայելի ԱԳՆ-ն նախազգուշացրել էր Ղազախստան այցելելու վտանգի մասին և հորդորել էր Իսրայելի քաղաքացիներին զգուշություն պահպանել:

Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվեցին զանգվածային անկարգությունների, հարձակումներ իրականացվեցին պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, կան զոհեր: Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ երկրում անհրաժեշտ է հակաահաբեկչական գործողություններ իրականացնել և օգնության համար դիմել էր ՀԱՊԿ-ին: Ի պատասխան դիմումի՝ հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր, որոնց կազմում են 100 հայ զինծառայողներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում