Հասարակական

Վահրամ Դումանյանն այցելել է Հայաստանի կինոգործիչների միություն

2 րոպեի ընթերցում

Վահրամ Դումանյանն այցելել է Հայաստանի կինոգործիչների միություն

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր այցելել է Հայաստանի կինոգործիչների միություն՝ ծանոթանալու կազմակերպության առաջիկա ծրագրերին, մասնավորապես՝ կրթական և մշակութային նախագծերին: Շրջայցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը և միության նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը նախարարին հանգամանորեն ներկայացրել են միության ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա անելիքները:

Հարություն Խաչատրյանը նախարարին ծանոթացրել է ««Ազգային Սինեմատեք կոնցեպտի» ստեղծարար կրթական-մշակութային-զբոսաշրջային միջավայր» ծրագրին, որն ամբողջովին ներառում է կրթամշակութային բաղադրիչ:

Կարևորելով պետական քաղաքականության մաս կազմող կրթամշակութային ծրագրերի իրականացումը՝ նախարարը մանրամասն տեղեկացել է միության կողմից իրագործվող «Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար ծրագրի շրջանակում անցկացվող կրթական և մշակութային նախագծերին: Այնուհետև Վահրամ Դումանյանը շրջել է կինոթանգարանում, ծանոթացել ծրագրերի ընդլայնման նպատակով ենթակառուցվածքների զարգացման հնարավորություններին:

Շրջայցի ընթացքում քննարկվել է նաև պետության հնարավոր մասնակցության հեռանկարներն այդ ծրագրին:

Նշենք նաև, որ ԿԳՄՍ նախարարությունն իր դրամաշնորհային ծրագրերի շրջանակում համագործակցում է Հայաստանի կինոգործիչների միության հետ՝ աջակցելով կրթամշակութային մի շարք ծրագրերի իրականացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում