Հասարակական

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի կենսաբանություն առարկայի միջազգային օլիմպիադա

3 րոպեի ընթերցում

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի կենսաբանություն առարկայի միջազգային օլիմպիադա

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը առաջին անգամ 2022-ի հուլիսին կհյուրընկալի միջազգային առարկայական օլիմպիադա՝ կենսաբանություն առարկայից, որին կմասնակցի շուրջ 80 երկիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Նախարարությունը վերջին տարիներին առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի հաղթողներին և միջազգային օլիմպիադաների մասնակիցներին կրթաթոշակ է տրամադրում, ինչը մեծ ոգևորություն է առաջացնում սովորողների մեջ։ Վերջին 3 տարում գրանցվել է 46 մեդալ՝ միջազգային օլիմպիադաներից, այդ թվում՝ 19 մեդալ 2021-ին, 17 մեդալ՝ 2020-ին»,- ասաց փոխնախարարը։

Փոխնախարարն ընդգծեց, որ շատ կարևոր էր այն, որ 2021-ին առաջին անգամ կազմակերպվեց համադպրոցական գիտության փառատոնը, որին մասնակցեց Երևանի և 7 մարզերի 21 ուսումնական հաստատությունների 110 աշակերտ, ներկայացվեց 46 անհատական և խմբային գիտահետազոտական նախագիծ։ Առավելագույն միավոր ստացած երկու խմբերը մասնակցեցին ԱՄՆ-ում կայացած Միջազգային գիտատեխնիկական փառատոնին (International Science and Engineering Fair), որտեղ խմբերից մեկը զբաղեցրեց չորրորդ տեղը հարյուրավոր թիմերի շարքում։ Փառատոնը կկրի ամենամյա բնույթ, եկող տարի կիրականացվի նաև ‹‹Քո գիտությունը դպրոցում›› ծրագիրը։

«Այս տարի առաջին անգամ փորձարկվեց մարզառազմական ճամբարը շուրջ 100 սովորողների համար։ 12 օր տևողությամբ ճամբարի ընթացքում 11-րդ դասարանցիները հնարավորություն ստացան ձեռք բերելու գործնական գիտելիքներ և հմտություններ նախնական զինվորական պատրաստականություն առարկայից։ Ճամբարը պարտադիր է լինելու նոր չափորոշչով՝ իբրև այս առարկայի գործնական բաղադրիչ, և հաջորդ տարի փորձարկման շրջանակներում կիրականացվի Տավուշի մարզի բոլոր դպրոցների համար»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։

Փոխնախարարը կարևորեց նաև, «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի կիրառումը, որը արդեն շուրջ 11 տարի է իրականացվում է ՀՀ կառավարության ՄԱԿ-ի՝ Պարենի համաշխարհային ծրագրի օգնությամբ և ՌԴ կառավարության ֆինանսական օժանդակությամբ։ Ընդհանուր առմամբ՝ վերջին տասը տարիների ընթացքում ծրագրի շնորհիվ օրական շուրջ 110.000 երեխա ապահովվել է մեկանգամյա առողջ, բալանսավորված սննդով, ներդրումներ են իրականացվել համայնքների տնտեսական միջավայրի և առողջ ապրելակերպի գաղափարների զարգացման գործընթացներում:

2022-2023 թվականների ընթացքում ‹‹Ազգային դպրոցական սնունդ›› ծրագրին կփոխանցվեն Արմավիրի և Կոտայքի մարզերը։ Ծրագրի շրջանակում ստեղծվել է 16 դպրոցահեն ջերմոց, 15 դպրոցական այգի, 86 դպրոց հագեցվել է արևային էներգիայի մարտկոցներով, 816 դպրոցի ճաշարաններ հագեցվել են սարքավորումներով, 512 դպրոցի ճաշարաններում վերանորոգման անհրաժեշտ աշխատանքներ են արվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում