ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն անհրաժեշտ է համարում գերեվարված անձանց վերադարձնելու մասով օգտագործել բոլոր միջազգային մեխանիզմները Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին, թե ինչ աշխատանք է կատարվում ՄԻԵԴ-ում գերեվարված անձանց Հայաստան վերադարձնելու խնդրով, Կիրակոսյանը պատասխանեց, որ այս պահի դրությամբ մի քանի գործընթացներ կան գերեվարված անձանց, անհետ կորածների հարցերով, որոնք գտնվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
«Եվրոպական դատարանում պատերազմի ընթացքից սկսած մինչև այսօր էլ ներկայացրել ենք միջանկյալ միջոցներ կիրառելու մասին բազմաթիվ դիմումներ, որոնք վերաբերում են գերեվարված անձանց իրավունքների երաշխավորմանը: Այս գործընթացներով, ցավոք, ադրբեջանական կողմի վարքագիծը կանխատեսելի հակասում է դատարանի կողմից կայացրած որոշումներին, որովհետև նրանք հետևողականորեն խախտում են ժամկետները, տրամադրում են քիչ տեղեկատվություն: Կա նաև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ընթացող պրոցեսը, որտեղ ունենք լրացուցիչ որոշում»,- ասաց Կիրակոսյանը:
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի կարծիքով` միջազգային ամենատարբեր մեխանիզմները շարունակ օգտագործելով Ադրբեջանի վրա ճնշումը պետք է ավելացվի:
«ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշումը, կարծում եմ, որոշակի տեսանելի ազդեցություն ունեցավ Ադրբեջանի վարքագծի վրա: Կարծում եմ, նմանատիպ քայլերը հետևողականորեն պետք է շարունակվի»,- ասաց Կիրակոսյանը: