Հասարակական

Կարեն Անդրեասյանն Իռլանդիայի, Հունաստանի և Խորվաթիայի արդարադատության նախարարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները

3 րոպեի ընթերցում

Կարեն Անդրեասյանն Իռլանդիայի, Հունաստանի և Խորվաթիայի արդարադատության նախարարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Վենետիկում հանդիպել է Խորվաթիայի Հանրապետության արդարադատության նախարար Իվան Մալենիկայի հետ: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է էլեկտրոնային արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքին՝ ընդգծելով Խորվաթիայի ունեցած առաջատար փորձառությունն այս ոլորտում, ինչպես նաև ներկայացրել քրեակատարողական բարեփոխումների շրջանակներում, մասնավորապես, նոր մոդելի քրեակատարողական հիմնարկ հիմնելու նախարարության ծրագրերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, Խորվաթիայի արդարադատության նախարարը նշել է, որ փոխադարձ այցելությունները հնարավորություն կտան առկա խնդիրներին առավել թիրախային լուծումներ տալ:

«Համաժողովի շրջանակներում նախարարը հանդիպումներ է ունեցել նաև ԵԽ անդամ երկրների իր գործընկերների հետ: Իռլանդիայի արդարադատության վարչության պետական նախարար Ջեյմս Բրաունի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են քրեակատարողական քաղաքականության մշակման ոլորտում Իռլանդիայի առաջատար փորձառությունը և ՀՀ-ում իրականացվող ոլորտային բարեփոխումների շրջանակներում հետագա համագործակցության խորացման հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հաջորդիվ նախարար Անդրեասյանը հանդիպել է նաև Հունաստանի արդարադատության նախարար Կոստաս Տիարասին։ Անդրեասյանը գործընկերոջն է ներկայացրել արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես՝ էլեկտրոնային արդարադատության ոլորտում, ինչպես նաև հանրային ծառայությունների մատուցման ոլորտի թվայնացմանը վերաբերող մանրամասներն ու սպասվելիք բարեփոխումները։ Նախարարը կարևորել է Հունաստանի առաջատար փորձը՝ էլեկտրոնային արդարադատության ոլորտում։

Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց և պատրաստակամություն հայտնել շարունակելու և առավել խորացնելու առկա համագործակցությունը:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Իտալիայի Վենետիկ քաղաքում դեկտեմբերի 13-14-ին մասնակցել է «Հանցավորություն և քրեական արդարադատություն. վերականգնողական արդարադատության դերը Եվրոպայում» խորագրով ԵԽ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդաժողովին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում