Հասարակական

Կարեն Անդրեասյանը Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է դատավորների կարգապահական պատասխանատվության հարցեր

2 րոպեի ընթերցում

Կարեն Անդրեասյանը Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է դատավորների կարգապահական պատասխանատվության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Իտալիայում հանդիպել է ԵԽ իրավունքի միջոցով ժողովրդավարության հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են գործող Սահմանադրության շրջանակներում դատական համակարգի վեթթինգի, ինչպես նաև դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու օրենսդրական լրացուցիչ հնարավորությունները:

«Նախարարը Վենետիկի Հանձնաժողովի նախագահին է ներկայացրել ՀՀ-ում Սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացը՝ նշելով, որ Նախարարության կողմից մշակվել է Սահմանադրական բարեփոխումների նոր հանձնաժողովի ստեղծմանն ու գործունեության ապահովմանն ուղղված օրենսդրական փաթեթը, որը կներկայացվի նաև Վենետիկի հանձնաժողովի կարծիքին: Հանդիպման ընթացքում Կարեն Անդրեասյանը Վենետիկի Հանձնաժողովի նախագահին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերած ռազմական ագրեսիայի արդյունքում Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար խնդիրները, հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի կողմից Ժնևի «Ռազմագերիներիհետ վարվելակերպի մասին» կոնվենցիայի կոպտագույն խախտումները, վերջիններիս նկատմամբ խոշտանգումների, դաժան ու անմարդկային վերաբերմունքի մասին վկայող ապացույցները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Իտալիայի Վենետիկ քաղաքում դեկտեմբերի 13-14-ը մասնակցում է «Հանցավորություն և քրեական արդարադատություն. վերականգնողական արդարադատության դերը Եվրոպայում» խորագրով ԵԽ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդաժողովին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում