Քաղաքականություն

Կոնջորյանը հիմնազուրկ է համարում ընդդիմության հայտարարություններն Արցախի կարգավիճակի և պատերազմը կանխելու վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Կոնջորյանը հիմնազուրկ է համարում ընդդիմության հայտարարություններն Արցախի կարգավիճակի և պատերազմը կանխելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իշխող քաղաքական ուժի` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ընդդիմության հայտարարությունները՝ Արցախի կարգավիճակի և պատերազմը կանխելու վերաբերյալ, համարում է բացարձակապես հիմնազուրկ և հասարակությանը մոլորեցնող։ Կոնջորյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառմամբ արձանագրել է, որ ընդդիմությունը որևէ կերպ չի պատասխանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին և չի հայտարարել, թե կոնկրետ ինչ քայլեր պետք է ձեռնարկվեին` պատերազմը կանխելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կոնջորյանը մասնավորապես գրել է.

«Այս շաբաթ, կառավարության հարցուպատասխանի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ընդդիմության պատգամավորների հարցերին՝ Արցախի կարգավիճակի և պատերազմը կանխելու վերաբերյալ, կատարեց չափազանց կարևոր արձանագրում.

2018 թվականի դրությամբ առկա բանակցային բովանդակությամբ Արցախը չուներ Ադրբեջանի կազմում չգտնվելու որևէ տեսական կամ գործնական հեռանկար։ Հետևաբար, նման բանակցային ժառանգության պայմաններում, պատերազմը կանխելու միակ միջոցը տարածքների հանձնումն էր՝ առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման, ինչը կնշանակեր Արցախի հանձնում Ադրբեջանին։

Այնուհետև, վարչապետը հստակ առաջարկ կատարեց ընդդիմադիրներին՝ հայտարարե՛ք, թե կոնկրետ ինչ քայլեր կանեիք դուք, պատերազմը կանխելու համար, նշե՛ք կոնկրետ քայլերի հաջորդականություն։

Այսօր պետք է արձանագրել, որ մինչ այս պահը, ընդդիմությունը որևէ կերպ չի հերքել վարչապետի հայտարարությունը, ինչպես նաև չի պատասխանել վարչապետի առաջարկին և չի հայտարարել, թե կոնկրետ ինչ քայլեր պիտի ձեռնարկեր, պատերազմը կանխելու համար։

Սա հերթական ապացույցն է, որ ընդդիմության հայտարարությունները՝ Արցախի կարգավիճակի և պատերազմը կանխելու վերաբերյալ, բացարձակապես հիմնազուրկ են և նպատակ ունեն մոլորության մեջ գցել հանրությանը այնպես, ինչպես դա արվել է տասնամյակներ շարունակ»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում