Հասարակական

Հայաստանի ճարտարապետաշինարարական ու Գեոդեզիայի և քարտեզագրման Մոսկվայի համալսարանները պայմանագիր են կնքել

4 րոպեի ընթերցում

Հայաստանի ճարտարապետաշինարարական ու Գեոդեզիայի և քարտեզագրման Մոսկվայի համալսարանները պայմանագիր են կնքել

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պալմիրայի թատրոնի հաղթական կամարի վերականգնումից մինչև դասախոսների փոխանակում՝ Գեոդեզիայի և քարտեզագրման Մոսկվայի պետական համալսարանը (ԳՔՄՊՀ) և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն (ՃՇՀԱՀ) ընդլայնում են համագործակցության շրջանակները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը, ՃՇՀԱՀ-ի նիստերի դահլիճում հայ և ռուս գործընկեր բուհերը կնքել են համագործակցության պայմանագիր, որը հայկական կողմից վավերացրել է ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, ռուսական կողմից՝ ՌԴ գեոդեզիայի և քարտեզագրման Մոսկվայի պետհամալսարանի ռեկտոր Նադեժդա Կամինինան։

«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահին և ՌԴ-ի պետական գրանցման կադաստրի և քարտեզագրման դաշնային ծառայության ղեկավարին ոչ միայն ցուցաբերած աջակցության, այլև կրթության մոդեռնիզացման մեջ կողմերի ներգրավվածության համար։ Մեր նախագծերը հնարավոր է իրականություն դարձնել միայն ուղիղ երկխոսության և ակտիվ համագործակցության միջոցով, քանի որ հենց նման պայմաններում մենք կարող ենք կոնստրուկտիվ զարգացում ապահովել։ Այս համագործակցությունը սկիզբ է մեծ ճանապարհի»,- ասել է ԳՔՄՊՀ ռեկտորը։

Ըստ աղբյուրի՝ համագործակցության պայմանագրի վավերացմանը ներկա են եղել ՌԴ պետական գրանցման, կադաստրի և քարտեզագրման դաշնային ծառայության ղեկավար Օլեգ Սկուֆինսկին և ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։ Ողջունելով այս նոր ծրագիրը՝ կողմերը առանձնակի կարևորել են համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ պրոֆեսիոնալ կրթական դաշինքների ստեղծումը ոչ միայն ազգային, այլև միջազգային մակարդակներում կապահովի երկրների և տնտեսությունների կայուն զարգացում։

«Համոզված եմ, որ այս պայմանագրի վավերացմամբ նոր ազդակ կհաղորդվի մեր երկու բուհերի հաղորդակցմանը՝ հիմք ընդունելով հետագա համատեղ գիտակրթական ծրագրերը և նախագծերը»,- ողջունելով հյուրերին՝ նշել է ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանը։ Միևնույն ժամանակ, ռեկտորը, ներկայացնելով համալսարանի գիտակրթական ռազմավարական հիմնական ուղղությունները, տեղեկացրել է նաև, որ համալսարանի համար տարին հոբելյանական է՝ լրանում է 100-ամյակը։

Նշվում է, որ համագործակցության հիմնական ուղղություններն են՝ գեոդեզիայի, քատեզագրության և տարածական տվյալների բնագավառներում կրկնակի դիպլոմների տրամադրմամբ համատեղ ցանցային կրթական ծրագրերի մշակումը և իրականացումը, ինչպես նաև բարձրագույն կրթության բոլոր մակարդակների, դոկտորանտուրայի, լրացուցիչ մասնագիտական կրթության և ակադեմիական շարժունակության ծրագրերը, գիտական համատեղ հետազոտությունների և միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը, արդյունքների հրապարակումը ազգային և միջազգային առաջատար պարբերականներում, գիտահետազոտական, կրթական, հասարակական-մշակույթային, ազգային և միջազգային ծրագրերի և նախագծերի համատեղ իրականացումը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում տեղեկատվության փոխանակումը, համատեղ գիտաժողովների, սեմինարների և այլ միջոցառումների անցկացումը՝ ցանցային գործընկերության ամրապնդման և փորձի փոխանակման նպատակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում