Քաղաքականություն

Արմեն Գրիգորյանը ԱՊՀ մասնակից պետությունների ԱԽ քարտուղարների հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին

2 րոպեի ընթերցում

Արմեն Գրիգորյանը ԱՊՀ մասնակից պետությունների ԱԽ քարտուղարների հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 17-ին Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 9-րդ հանդիպմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից, Արմեն Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության տարածք ադրբեջանական զորքերի ներխուժմանը և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:

Ա. Գրիգորյանը մասնավորապես նշել է, որ Ադրբեջանը ոչ միայն չի պահպանում հրադադարի ռեժիմը, այլև չի կատարում վերոնշյալ համաձայնությունների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները: Իսկ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունները Հայաստանը դիտարկում է քայլ՝ ուղղված ՀՀ տարածքային ամբողջականությանը:

ԱԽ քարտուղարն ընդգծել, որ Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղ կարգավորման գործընթացին և պատրաստ է սկսել սահմանագծման և սահմանազատման գործընթացը, սակայն սրա հետ մեկտեղ իր սահմաններից վճռականորեն հետ է մղելու ցանկացած ռազմական ագրեսիա:

Հաղորդակցման ուղիների ապաշրջափակման մասին Ա. Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս փոխվարչապետների մակարդակով կազմավորված ձևաչափին և պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին ձեռքբերված համաձայնությունները անխափան իրականացնելու համար:

Հանդիպման ընթացքում մատնանշվել և քննարկվել են նաև Աֆղանստանի տարածքից եկող վտանգները, ԱՊՀ անդամ պետությունների համագործակցությունը միգրացիայի և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև բիոտեխնոլոգիայի զարգացման արդյունքում առաջ եկած անվտանգության հիմնահարցերը:

ԱՊՀ մասնակից պետություններն իրենց պատրաստակամությունն են հայտնել հետագայում ընդլայնելու համագործակցության շրջանակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում