ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարքետինգային, գովազդային անազնիվ քաղաքականություն է կիրառվել. շրջանառվող կարծիքները, թե ծխող անձանց մոտ կորոնավիրուսը թեթև է ընթանում, թյուր են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հիշեցրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը:
«Ցավով պետք է նշեմ, որ ծխողների թվի դրական տեղաշարժ՝ նվազման ցուցանիշ չունենք»,-ասաց նախարարը:
Ծխախոտի դեմ պայքարի շրջանակում նախորդ տարի ընդունված օրենքի ժամկետների հետաձգում է տեղի ունեցել: «Հաջորդ տարվանից, ես կարծում եմ, որ այս առումով պետք է հստակ կերպով նկատենք դրական տեղաշարժ, քանի որ 2022-ից հանրային սննդի վայրերում ծխելու արգելք, այլ սահմանափակող միջոցառումներ ուժի մեջ են մտնելու»,- ասաց Ավանեսյանը:
Նա նկատեց՝ կորոնավիրուսի ի հայտ գալու հետ կապված նաև մարքետինգային, գովազդային անազնիվ քաղաքականություն է կիրառվել: «Թյուր կարծիքներ շրջանառվեցին իբրև թե ծխախոտ օգտագործող անձինք ինչ-որ առումով ավելի թեթև են տանում կորոնավիրուսը: Ես ձեզ 100 տոկոսով վստահեցնում եմ, որ ապացուցողական բժշկության շրջանակում իրականացված հետազոտությունները ճիշտ հակառակն են ապացուցում: Եվ այն, որ ծխախոտի արդյունքում ձեռք բերված որոշակի առողջական խնդիրները, հակառակը, հանդիսանում են ռիսկի գործոն՝ կորոնավիրուսը շատ ավելի ծանր տանելու, ապացուցված փաստ է»,- ասաց Ավանեսյանն ու հավելեց՝ այդ անազնիվ կերպով օգտագործվող նյութերն անընդհատ շրջանառվում են:
Նախարարը լուրջ խնդիր է տեսնում նաև մինչև 18 տարեկան երիտասարդ քաղաքացիների ծխելու առումով: Հայաստանում տղամարդկանց 50-51 տոկոսը ծխում է, ինչը նա մտահոգիչ համարեց: