IRI-ի նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը վերահաստատել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին աջակցությունը շարունակելու հանձնառությունը
2 րոպեի ընթերցում
![IRI-ի նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը վերահաստատել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին աջակցությունը շարունակելու հանձնառությունը](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/06/CituP4WrFfAF09pH90Bx160fZVwHddldjsru1z0j.webp)
Վաշինգտոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախագահ Դանիել Թվինինգի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության և Ինստիտուտի միջև համագործակցության ընթացքը, Հայաստանում իրականացվող ծրագրերը, ինչպես նաև հետագա համատեղ քայլերը՝ ուղղված ժողովրդավարական բարեփոխումների խորացմանը:
Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակցությունը և ընդգծել հանրային հաղորդակցության կարողությունների զարգացման կարևորությունը՝ այն դիտարկելով որպես բաց և թափանցիկ կառավարման հիմք: Վարչապետն ընդգծել է նաև Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի միջև ստորագրված Ռազմավարական գործընկերության կանոնադրության կարևորությունը, որը նոր հնարավորություններ կստեղծի երկկողմ կապերի ընդլայնման համար՝ ներառելով ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, քաղաքացիական հասարակության կարողությունների բարձրացումը և ռեֆորմների արդյունավետ իրականացումը:
Ըստ աղբյուրի՝ Դանիել Թվինինգը վերահաստատել է Միջազգային հանրապետական ինստիտուտի հանձնառությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգին և ժողովրդավարական զարգացմանը: