Միացյալ Նահանգներ

Պենտագոնը 20 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Boeing-ի հետ՝ վեցերորդ սերնդի կործանիչների արտադրության համար

3 րոպեի ընթերցում

Պենտագոնը 20 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Boeing-ի հետ՝ վեցերորդ սերնդի կործանիչների արտադրության համար

ԱՄՆ պատերազմի նախարարությունը հայտարարել է Boeing ընկերության հետ 20 միլիարդ դոլարի պայմանագիր կնքելու մասին՝ վեցերորդ սերնդի F/A-XX տախտակամածային սթելս տիպի կործանիչներ արտադրելու համար, որոնցով 2030-ական թվականներից սկսած կհանդերձվեն ամերիկյան ավիակիրները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Պենտագոնի տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ գերատեսչության՝ F/A-XX կործանիչը կփոխարինի ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հնացած F/A-18E/F Super Hornet և EA-18G Growler կործանիչներին և կշահագործվի հինգերորդ սերնդի F-35C տախտակամածային կործանիչի հետ համատեղ։

«F/A-XX-ն առանցքային նշանակություն ունի ուժի միջոցով խաղաղությունը պահպանելու մեր ջանքերում։ F/A-XX-ը գերակայություն կապահովի վիճելի օդային տարածքում, կընդլայնի գործառնական հնարավորությունները և կապահովի վճռորոշ մարտական ​​առավելություն», - հայտարարել է Պատերազմի նախարարի՝ սպառազինությունների ձեռքբերման և սպասարկման գծով տեղակալ Մայքլ Դաֆին։

«Վեցերորդ սերնդի կործանիչը բեկումնային նշանակություն ունի օդում գերիշխանություն ունենալու հարցում։ Այն աշխարհի լավագույն օդաչուներին աննախադեպ հնարավորություններով կապահովի մարտական ​​գործողություններ անցկացնելու, հաղթանակի և անվտանգ տուն վերադառնալու համար։ Մենք ուրախ ենք Boeing-ի հետ համագործակցելու և այն բանի համար, որ մեր զինծառայողները կկարողանան հետագայում ևս գերիշխել երկնքում և հաղթել մեր երկրի թշնամիներին», - հայտարարել է ռազմածովային ուժերի նախարարի պաշտոնակատար Հունգ Կաոն։

Այս նոր սերնդի հարվածային կործանիչը՝ F/A-XX-ը, տասնամյակներ շարունակ կապահովի օդային տարածքի անվտանգությունը և ուժի միջոցով խաղաղություն կբերի, հավելել է ԱՄՆ պատերազմի նախարարությունը։

Պենտագոնը չի հաղորդել ձեռք բերվող ինքնաթիռների քանակի և տեխնիկական տվյալների մասին, որոնք գաղտնի են համարվում, ինչպես նաև շահագործման հանձնելու կոնկրետ ժամկետների մասին։

Միևնույն ժամանակ ռազմական վերլուծաբանները կարծում են, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից Boeing-ի ընտրությունը, որը NGAD (Next Generation Air Dominance) ծրագրի շրջանակներում ԱՄՆ ռազմաօդային ուժերի համար ակտիվորեն մշակում է վեցերորդ սերնդի F-47 կործանիչը, կարող է արագացնել F/A-XX-ի ստեղծման գործընթացը և ավելի արագացնել դրա արտադրությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում