ԱՄՆ-ն խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն հերթական անգամ խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները և նոր սահմանափակումներ է մտցրել կղզի-պետության ֆինանսական գործառնությունների, այդ թվում՝ մասնավոր հատվածի նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակը։
ԱՄՆ իշխանություններն արգելել են ցանկացած ֆինանսական գործառնություն Կուբայի այն կազմակերպությունների հետ, որոնք կապված են ուժային կառույցների և Grupo de Administración Empresarial S.A. (GAESA) կոնգլոմերատի հետ։
Ֆինանսական գերատեսչությունը նաև չեղարկել է այն գլխավոր լիցենզիան, որը 2024 թվականից ամերիկյան բանկերին թույլ էր տալիս իրականացնել դոլարային վճարումներ Կուբայի մասնակցությամբ, եթե վճարման աղբյուրն ու նշանակման կետը գտնվում էին ԱՄՆ սահմաններից դուրս և չէին վնասում ԱՄՆ քաղաքացիների շահերին։
Ֆինանսների նախարարությունը նաև չեղարկել է այն թույլտվությունը, որն ամերիկյան բանկերին հնարավորություն էր տալիս «հաշիվներ բացել և վարել Կուբայի քաղաքացու անունով, որը մասնավոր հատվածի անկախ ձեռնարկատեր է»։ Կուբացի մասնավոր ձեռնարկատերերի համար ԱՄՆ բանկային համակարգից օգտվելու հնարավորությունը թույլատրվել էր 46-րդ նախագահ Ջո Բայդենի օրոք այն միջոցների շրջանակներում, որոնք ուղղված էին Կուբայի մասնավոր հատվածին աջակցությանը։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նաև սահմանափակում է որոշ կատեգորիաների ուղևորություններ, որոնք ԱՄՆ քաղաքացիներին թույլատրել էր 44-րդ նախագահ Բարաք Օբաման: Խոսքը վերաբերում է մշակութային փոխանակման ծրագրերին, ինչպես նաև մասնագետների խորհրդաժողովներին և հանդիպումներին։ Այժմ դրանց մասնակցության համար պահանջում է ԱՄՆ իշխանությունների թույլտվությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ երկարաձգել է Կուբայի դեմ առևտրային էմբարգոն մինչև 2027 թ. սեպտեմբերի 14-ը։