Միջազգային

Գլազգոյում ընդունվել է անտառների պաշտպանության և հողօգտագործման մասին հռչակագիր

2 րոպեի ընթերցում

Գլազգոյում ընդունվել է անտառների պաշտպանության և հողօգտագործման մասին հռչակագիր

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի 105 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը, Թուրքիան, միացել են Գլազգոյում անտառների պաշտպանության և հողօգտագործման մասին Հռչակագրի ընդունմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկացնում է 26-րդ համաժողովի՝ COP26-ի պաշտոնական կայքը:

Հռչակագիրն ընդունած երկրների առաջնորդները վերահաստատել են իրենց պարտավորությունները կայուն հողօգտագործման և անտառների ու այլ ցամաքային էկոհամակարգերի պահպանման, պաշտպանության, կայուն կառավարման և վերականգնման վերաբերյալ և ընդգծել բոլոր տեսակի անտառների, կենսաբազմազանության և կայուն հողօգտագործման կարևորագույն և փոխկապակցված դերերը՝ աշխարհին իր կայուն զարգացման նպատակներին հասնելու հնարավորություն տալու, կլիմայի փոփոխությանը հարմարվելու և էկոհամակարգերի այլ ծառայությունները պահպանելու համար:

Առաջնորդները նաև վերահաստատել են իրենց հավաքական և անհատական հանձնառությունները ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիային և Փարիզի համաձայնագրին, Կենսաբազմազանության մասին կոնվենցիային, անապատացման դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիային և այլ միջազգային փաստաթղթերին:

Հռչակագիրն ընդունվել է Գլազգոյում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի շրջանակներում: Համաժողովը, որին մասնակցում է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տեղի կունենա հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 12-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում