Չնույնականացված աղբյուրի տեղեկատվությունը տարածելիս ԶԼՄ-ն չի ազատվի պատասխանատվությունից

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկում է ՔՊ-ի պատգամավորների ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է ֆիքսել, որ լրատվամիջոցը չի ազատվի պատասխանատվությունից՝ չնույնականացված աղբյուրին հղում տալու, նրա տեղեկատվությունը տարածելու դեպքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նախ ներկայացրեց խնդիրը: «2003-ին գրված Զանգվածային լրատվության մասին օրենքն, ըստ էության, այսօր չի արտացոլում ողջ մեդիա դաշտին վերաբերող կարգավորումներն ու չի լուծում բոլոր խնդիրները: Ըստ էության, առաջացել են նոր մեդիա հարթակներ, դրանք սոցիալական ցանցերում են, կայքերի տեսքով են, որոնք տարատեսակ տեղեկատվություններ են տարածում: Եվ դրանք չունեն որևէ նույնականացման տվյալներ, որոնցով տեղեկատվություն սպառողը կամ պետությունը կկարողանա նույնականացնել այդ տեղեկատվության աղբյուրները, ըստ այդմ կարգավորումներ իրականացնել: Որոշ լրատվամիջոցներ, ԶԼ մասին օրենքի համաձայն լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպություններ վերցնում են տարատեսակ տեղեկատվություններ, հղում են անում այդ չնույնականացված աղբյուրներին և Զանգվածային լրատվության մասին օրենքով ազատվում պատասխանատվությունից»,- ասաց պատգամավորը:

Պատգամավորները նախագծով առաջարկում են ԶԼ մասին օրենքում ավելացնել նոր հասկացություն՝ չնույնականացված աղբյուրներ, ինչը նշանակում է, որ հնարավոր չէ պարզել այդ աղբյուրը տնօրինողին, նաև ստեղծողին: «Այնուհետև ԶԼ մասին օրենքի 9-րդ հոդվածում առաջարկում ենք լրատվամիջոցների համար պատասխանատվություն սահմանել՝ չնույնականացված աղբյուրներին հղում կատարելու դեպքում»,- ասաց Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում չնույնականացված աղբյուրները շատ-շատ են օգտագործվում՝ հանրությանը կեղծ տեղեկություններ մատուցելու, որոշ մարդկանց պախարակելու համար: «Եվ մենք գործ էինք ունենում անպատասխանատու մոտեցման հետ, երբ լրատվամիջոցը վերցնում է տեղեկատվություն՝ անգամ չիմանալով, թե դա ով և ինչ նպատակով է գրել, դնում դա իր լրատվամիջոցի էջում»,- ասաց նա:

Հավատարմագրման դրույթում էլ ավելացել է, որ բոլոր այն լրատվամիջոցները, որոնք չեն ներկայացնի նույնականացման տվյալներ և չեն ներկայացնի ֆինանսական տարեկան հաշվետվությունները, նրանց հավատարմագրման դիմումը պետական կառույցներում ենթակա կլինի մերժման:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հարցրեց՝ ճի՞շտ է հասկացել, որ չի կարելի հղում անել ինչ-որ «Տելեգրամ»-ի ալիքի, որի տերերը հայտնի չեն, գրանցումը հայտնի չէ, բայց, օրինակ, գաղտնի աղբյուրին կարելի է հղում անել: Պատգամավորը պատասխանեց, որ նախագիծը աղբյուրների գաղտնիությանը չի վերաբերում: «Այո, կարող են գրել, որ իրենց տեղեկություններով եղավ այսինչ բանը, և այդ դեպքում, ինչպես նախկինում, պատասխանատվությունը կրում է լրատվամիջոցը: Մենք չենք արգելում հղում կատարել որևէ բանի, լրատվամիջոցները կկարողանան հղում կատարել չնույնականացված աղբյուրներին, օրինակ, տելեգրամյան ալիքներին, սակայն չեն ազատվի պատասխանատվությունից»,- ասաց Հովհաննիսյանը:

Ռուբինյանը նկատեց՝ այսպիսով, եթե, օրինակ, հետագայում պարզվի, որ չնույնականացված աղբյուրից վերցված տեղեկատվությունը սուտ է կամ զրպարտանք է պարունակում, ապա լրատվամիջոցը նույնպիսի պատասխանատվություն կկրի, ինչպիսին կկրեր, եթե հենց ինքը լիներ սկզբնաղբյուրը:

Հայերեն

Էրդողանը կոչ է արել վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների վետոյի իրավունքը

G7-ի արտգործնախարարները հութիներին կոչ են արել դադարեցնել հարձակումները

Թուրքիայի ԱԳ նախարարը մասնակցել է MIKTA-ի երկրների արտգործնախարարների 30-րդ հանդիպմանը

Մեծ Բրիտանիան պաշտպանական ռազմական աջակցություն կտրամադրի Սաուդյան Արաբիային՝ ի պատասխան հութիների հարձակումների

Թուրքիայի Մանիսա նահանգում դպրոցի մոտ կրակոցներ են հնչել․ կան վիրավորներ

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է զինված խմբավորումների զինաթափման հարցը

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն

ԱՄՆ որոշ հեռուստաընկերություններ հրաժարվել են լուսաբանել Թրամփի մասնակցությամբ միջոցառումներն՝ իրենց գործընկերների նկատմամբ արգելքի պատճառով

Իրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը

Սպասվում է ռեկորդային տաք օր. մանրամասներ Գագիկ Սուրենյանից