Արման Եղոյանը հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների հետ
2 րոպեի ընթերցում
![Արման Եղոյանը հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների հետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/10/1066339.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հանդիպումներ է ունեցել Իտալիայի Սենատի արտաքին հարաբերությունների և միգրացիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Վիտո Ռոզարիո Պետրոչելիի և Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պիերո Ֆասինոյի և հանձնաժողովի անդամների հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, քննարկվել են Իտալիայի և Եվրոպական միության հետ հարաբերությունների հետագազարգացման հեռանկարները, հանձնաժողովների համագործակցության մի շարք հնարավորություններ «Թվինինգ» ծրագրի շրջանակներում, ինչպես նաև խորհրդարանական տարբեր հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Ըստ աղբյուրի՝ կողմերն ուրախությամբ արձանագրել են, որ COVID-19 համավարակի հաղթահարման համար ԵՄ-ն ու Հայաստանը ձեռք-ձեռքի տված են պայքարում, ինչը հնարավորություն է տալիս վերսկսել նախկին բնականոն աշխատանքը` էլ ավելի սերտացնելով միջխորհրդարանական համագործակցությունը։
Նշվում է, որ մտքերի փոխանակությունից հետո հարցուպատասխանի միջոցով պատգամավորներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, տնտեսական հարաբերությունների խթանմանը, իտալական կազմակերպությունների` Հայաստանում հաստատմանը: