Լոնդոնում Ալեքսանդր Սպենդիարյանի և Առնո Բաբաջանյանի հոբելյաններին նվիրված համերգ կկայանա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում՝ Քենսինգթոն թագավորական համայնքի Սբ. Քաթբերթ եկեղեցում, 2021 թվականի հոկտեմբերի 16-ին, ժամը 19:00-ին կկայանա համերգ՝ նվիրված կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից`մանրամասնելով, որ համերգին կմասնակցեն միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ, Քլինգենի երգչախումբը և Քլինգենի կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Սիփան Օլահ):

Համերգի նպատակն է արտերկրում ևս հանրահռչակել մեծ կոմպոզիտորների ստեղծագործական անմահ ժառանգությունը։

Նշվում է, որ համերգի կազմակերպիչը Քլինգենի երգչախումբն ու մշակութային ասոցիացիան են՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ։

Հայերեն