Պաշտոնական

Ալեն Սիմոնյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

2 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 4-ին հանդիպել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից:

ՌԴ արտաքին գործերի նախարարը բարձր է գնահատել հայ-ռուսական ռազմավարական եւ գործընկերային հարաբերությունները` դրանց վկայությունը համարելով նաեւ այն, որ ՀՀ ԱԺ նախագահն իր առաջին պաշտոնական այցը կատարել է Ռուսաստան:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ալեն Սիմոնյանը շնորհավորանքներ է փոխանցել ռուս ժողովրդին վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունների առթիվ:

Կողմերը հանգամանորեն քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը` անդրադառնալով տեւական խաղաղության հաստատմանը եւ դրա իրականացումը խոչընդոտող խնդիրների վերացմանը: Այդ համատեքստում մասնավորապես կարեւորվել է հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերադարձի հարցը:

Անդրադարձ է կատարվել նաեւ հայ-ռուսական համագործակցությանը քաղաքական, տնտեսական, մշակութային, մարդասիրական եւ այլ ոլորտներում: Զրույցի ընթացքում առանձնակի շեշտադրվել է խորհրդարանների դերի մասին երկկողմ փոխգործակցության զարգացման եւ ամրապնդման գործում:

Երկուստեք կարեւորվել է նաեւ արդյունավետ համագործակցությունը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում` հաշվի առնելով Հայաստանի նախագահության առաջնահերթությունները:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին հայ-ռուսական համագործակցության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում