Հասարակական

Իրանը Հայաստանում ներդրումների ծրագրեր ունի․ Կարեն Անդրեասյանը  դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

2 րոպեի ընթերցում

Իրանը Հայաստանում ներդրումների ծրագրեր ունի․ Կարեն Անդրեասյանը  դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը սրտացավ է Հայաստանում ներդրում անել ցանկացող իրանցի գործարարների հանդեպ և հնարավոր բոլոր միջոցներով կաջակցի նրանց։ Այս մասին հոկտեմբերի 1-ին հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ ի պատասխան Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիի այն տեղեկությանը, որ Իրանը Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությամբ ծրագրեր իրականացնելու մեծ ցանկություն ունի, և որ իրանցի գործարարներն այս փուլում հետաքրքրված են Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ անելու ծրագրերով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, այդ համատեքստում դեսպանը կարևորել է երկու երկրների՝ վաղ անցյալից եկող բարեկամական հարաբերությունները և ընդգծել, որ դրանք լավ հիմք են բոլոր ուղղություններով առկա համագործակցությունը ամրապնդելու ու զարգացնելու համար։

«Իրանի դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի արդարադատության նախարարությանը՝ Հայաստանում իրենց պատիժը կրող իրանցի դատապարտյալներին Իրան փոխանցելու գործընթացը արդյունավետ կազմակերպելու համար և անդրադարձել առկա որոշ խնդիրների, որոնց իրավական լուծման համար նախարար Անդրեասյանը ջանքեր ներդնելու պատրաստակամություն է հայտնել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև դատական նիստերի երկարաձգման հետ կապված խնդիրները, որոնց առնչությամբ Կարեն Անդրեասյանը տեղեկացրել է, որ թիվ մեկ անելիքներից ու այս պահին այդ ուղղությամբ տարվող աշխատանքներից է դատական համակարգի բարեփոխման հարցը՝ այդ թվում ուղղված նաև բարձրացված խնդրի լուծմանը։ Այդ համատեքստում նախարարը նաև իրանական փորձն ուսումնասիրելու ու իրանցի գործընկերոջ հետ առաջիկայում հանդիպելու ցանկություն է հայտնել։

Նախարար Անդրեասյանն ու դեսպան Զոհուրին շփումներն ու համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում