ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆայսալ Միքդադը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում հայտարարել է, որ Սիրիան մտադիր է ամբողջությամբ վերականգնել ազգային ինքնիշխանությունը և անօրինական է համարում իր տարածքում ցանկացած օտարերկրյա զորքի առկայությունը, ինչը համաձայնեցված չէ Սիրիայի կառավարության հետ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Արտգործնախարարի խոսքով ՝ Թուրքիան և Միացյալ Նահանգները օգտագործում են կեղծ պատրվակներ՝ Սիրիայի տարածքում իրենց ռազմական ներկայությունը շարունակելու և նրա բնական պաշարները թալանելու համար, ինչը հակասում է միջազգային իրավունքին և ՄԱԿ -ի ԱԽ բանաձևերին»:
«Սա պետք է ավարտվի, և մենք պահանջում ենք, որ Թուրքիան և ԱՄՆ -ն առանց նախապայմանների դուրս բերեն զորքերը Սիրիայից», - ասել է Միքդադը:
Նա միաժամանակ նշել է, որ Դամասկոսը իրեն իրավունք է վերապահում օրինական բոլոր միջոցներով հասնել այդ նպատակին:
Սիրիայի ԱԳՆ ղեկավարը Թուրքիային մեղադրել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում դեէսկալացիայի գոտի ստեղծելու մասին համաձայնագրից բխող պարտավորությունները չկատարելու մեջ:
«Արդյունքում Իդլիբ նահանգը դարձել է այնտեղ ներթափանցած օտարերկրյա ահաբեկիչների ինկուբատոր», - նշել է նա:
Նախարարի խոսքով ՝ այս իրավիճակը չի կարող անվերջ շարունակվել, և Սիրիան վճռական է տրամադրված, որպեսզի վերջ տա այս ամենին: