ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ և կարևոր հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ն՝ այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Բոլոր համանախագահների կողմից էլ հայտարարություն է եղել, որ պետք է վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ–ի շրջանակներում։ Եվ ԵԱՀԿ ՄԽ–ի շրջանակներում պետք է քննարկել մի կարևոր հարց՝ կարգավիճակի հարցը։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորված չէ, և այդ հարցը սպասում է իր լուծմանը: Այդ լուծումը մենք տեսնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և կարծում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարգավիճակն ենք քննարկելու: Ադրբեջանի հայտարարությունները (խմբ. - Ալիևի հայտարարությունները՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում) անհասկանալի են »,- ընդգծեց Արմեն Գրիգորյանը։