Քաղաքականություն

Արմեն Գրիգորյանը Դուշանբեում ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի վերջին զարգացումները

3 րոպեի ընթերցում

Արմեն Գրիգորյանը Դուշանբեում ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի վերջին զարգացումները

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անցկացվող ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստին անդրադարձել է ինչպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի սպասվելիք նախագահությանը և այդ շրջանակներում Հայաստանի առաջնահերթություններին, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում կարևորություն ներկայացնող մի շարք հարցերի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Անվտանգության խորհրդի գրասենյակը տեղեկացնում է, որ Արմեն Գրիգորյանը ներկայացրել է կովկասյան տարածաշրջանում ներկա իրողությունները՝ առանձնահատուկ ուշադրություն հրավիրելով արցախյան հիմնախնդրում վերջին զարգացումների վրա: ԱԽ քարտուղարը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է դրսևորել ապակառուցողական մոտեցում և, ի թիվս այլ բաների, մինչ օրս հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին, պատանդներին և պահվող այլ անձանց՝ անտեսելով իր իսկ ստանձնած պարտավորությունները:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությանը՝ ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ այդ քաղաքականությունը կրում է ակնհայտ սադրիչ բնույթ՝ մասնավորապես մատնանշելով սույն թվականի մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀԱՊԿ անդամ երկիր հանդիսացող Հայաստանի սահմանամերձ հատվածներ ներխուժելը՝ հույս հայտնելով, որ պետության սուվերեն տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգության դատապարտումը և ՀԱՊԿ անդամ պետությունների միասնական դիրքորոշումը այս հարցում սթափեցնող ազդեցություն կունենար:

Արմեն Գրիգորյանը նշել է, որ, չնայած այս բարդություններին, Արցախյան հիմնախնդիրը սպասում է իր քաղաքական լուծմանը և այս համատեքստում կարևորել է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով խաղաղ գործընթացի վերսկսումը: Հույս հայտնելով, որ ՀԱՊԿ անդամ պետությունները ևս կաջակցեն համանախագահների ջանքերին:

Անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահության ընթացքում Հայաստանի առաջնահերթություններին՝ Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ Հայաստանը կարևորում է ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից միջազգային և տարածաշրջանային կարևորություն ներկայացնող օրակարգերի շուրջ համաձայնեցված մոտեցումների ձևավորման նպատակով աշխատանքների շարունակականությունը, որոնք հաշվի կառնեն անդամ պետությունների շահերը:

Այդ թվում քարտուղարը կարևորեց ՀԱՊԿ կողմից ճգնաժամային կառավարման մեխանիզմների արդիականացումը և վերջիններիս կանխարգելիչ պոտենցիալի հզորացումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում