ԱԺ փոխնախագահն ընդունել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցչին
2 րոպեի ընթերցում
![ԱԺ փոխնախագահն ընդունել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցչին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/09/1063135.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ մշակույթի նախկին նախարար Միխայիլ Շվիդկոյին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը եւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, անդրադառնալով Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի՝ մինչ օրս չհաղթահարված հետեւանքներին՝ Հակոբ Արշակյանը փաստել է, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները եւ ազատ չի արձակում հայ ռազմագերիներին ու պահվող այլ անձանց:
ԱԺ նախագահի տեղակալը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը վերոնշյալ խնդիրների լուծման հարցում մեր երկրին շարունակաբար աջակցելու համար:
«Հակոբ Արշակյանը նշեց, որ 2022 թ. լրանում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաեւ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի 25-ամյակը: ԱԺ փոխնախագահը հույս հայտնեց, որ այդ կապակցությամբ անցկացվելիք մշակութային միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ Միխայիլ Շվիդկոն իր հերթին ընդգծել է հայ-ռուսական երկկողմ համագործակցության առանձնահատուկ բնույթը՝ նշելով, որ իրենք հետեւում են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, եւ մտահոգություն հայտնեց պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար եւ մշակութային մարտահրավերների առնչությամբ:
Հյուրը նշել է նաեւ, որ Ռուսաստանի հայ համայնքը զգալի դերակատարում եւ ներդրում ունի երկրի հասարակական-քաղաքական, ինչպես նաեւ մշակութային կյանքում:
ՀՀ ԱԺ տեղեկացմամբ՝ քննարկվել են նաեւ հայ-ռուսական դաշնակցային բարեկամական հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանն առնչվող այլ հարցեր: