2021-ի ընտրությունները եղել են մինչև այժմ ՀՀ-ում անցկացված ամենալեգիտիմ ընտրությունները. Հովակիմյան
2 րոպեի ընթերցում
![2021-ի ընտրությունները եղել են մինչև այժմ ՀՀ-ում անցկացված ամենալեգիտիմ ընտրությունները. Հովակիմյան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/09/1062992.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը համոզված է, որ 2021-ի հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունները եղել են մինչև այժմ անցկացված ամենալեգիտիմ ընտրությունները Հայաստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովակիմյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ նիստում ԿԸՀ-ի տարեկան հաղորդման քննարկմանը:
«Ես, 1998 թվականի նախագահական ընտրություններից սկսած, տարբեր կարգավիճակներով ներգրավված եմ եղել ընտրություններում: Կարող եմ ժամերով պատմել այն, ինչ տեսել եմ մինչև 2018-ի ընտրություններ: Այս ամենը հաշվի առնելով՝ ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ 2021 թվականի ԱԺ ընտրությունները եղել են մինչև այդ ՀՀ-ում տեղի ունեցած ամենալեգիտիմ ընտրությունները: Սա ասում եմ՝ նույնիսկ վեր դասելով 2018-ի խորհրդարանական ընտրություններից, որովհետև 2018-ի ընտրություններն անցկացվում էին առանց մրցակցության պայմաններում, երբ «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը որևէ մեկը կասկածի տակ չէր դնում»,-ասաց Հովակիմյանը:
Ըստ նրա՝ 2021-ի ընտրությունները ոչ միային մրցակցային էին, այլ նաև անցկացվում էին գերլարված վիճակում: Հովակիմյանի համոզմամբ՝ իշխանությունը կարողացել է այդ պայմաններում ապահովել ընտրությունների ազատությունը, արդարությունն ու թափանցիկությունը: Ըստ պատգամավորի՝ կարելի է արձանագրել, որ հունիսի 20-ի ընտրություններում գործադիր մարմնի որևէ պաշտոնյայի կողմից իր ենթականերին ուղղորդելու, որևէ կերպ քվեարկությունը կանխորոշելու դեպք չի եղել: