ՀՀ Ազգային ժողովի նախագահը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովում
2 րոպեի ընթերցում
![ՀՀ Ազգային ժողովի նախագահը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/09/1062668.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովին հանդես է եկել «Խորհրդարաններ եւ համաշխարհային կառավարում. անավարտ օրակարգ» խորագրով ելույթով: ԱԺ նախագահը ելույթում նշել է, որ, չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին, ՀՀ Ազգային ժողովը շարունակել է իր բնականոն գործունեությունը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից։
«Ալեն Սիմոնյանը շեշտեց, որ չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հորդորին` դադարեցնելու բոլոր հակամարտությունները համավարակի ընթացքում, նախորդ տարի Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը ստիպված էին դիմակայել ռազմական ագրեսիայի հետեւանքով առաջացած լրջագույն մարտահրավերներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ Ալեն Սիմոնյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ միջազգային խորհրդարանական կազմակերպությունները դարձել են կարեւոր հարթակ, որոնց միջոցով խորհրդարանականները կարողանում են ավելի գործուն մասնակցություն ունենալ միջազգային հարաբերություններին: Նա հաբելել է, որ, ավելին, գլոբալ կառավարումն ապահովելու համար անհրաժեշտ է ոչ միայն պետությունների, այլեւ հասարակական կազմակերպությունների աջակցությունը: