ՀՀ ԱԺ նախագահը Նիդերլանդների Սենատի նախագահին շնորհակալություն է հայտնել Բաքվին դատապարտող 17 բանաձևերի համար

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակումԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 7-ին հանդիպել է Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անտոնի Բրյունիին: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնեց Նիդերլանդների խորհրդարանի գործընկերներին՝ 2020թ. աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը եւ դրա հետեւանքները դատապարտող շուրջ 17 բանաձեւերի համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ողջույնների փոխանակումից հետո ԱԺ նախագահը նշել է, որ հաճույքով է հիշում Անտոնի Բրյունիի հրավերով 2019թ. հոկտեմբերին ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության բավական արգասաբեր այցը Նիդերլանդներ:

«Նա հիշեցրեց, որ այդ այցի ընթացքում կայացավ նաեւ Հայաստան-Նիդերլանդներ բարեկամական շրջանակի անդրանիկ նիստը, որի համանախագահներն ինքն ու Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ջոել Ֆորդեւինդն էին: ԱԺ նախագահը նշեց, որ չնայած COVID-19-ի ստեղծած խոչընդոտներին՝ բարեկամական հարաբերությունները մեր պետությունների եւ խորհրդարանների միջեւ բավական ներդաշնակ են զարգանում, եւ մեր երկրները տրամադրված են իրականացնելու հայ-նիդերլանդական առավել խորացված եւ թիրախային համագործակցություն:

Դրա վառ ապացույցն է նաեւ 2020թ-ի սեպտեմբերին Երեւանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության բացումը: Ալեն Սիմոնյանը վերահաստատեց պատրաստակամությունը՝ խորացնել հայ-նիդերլանդական միջխորհրդարանական համագործակցությունը: ԱԺ նախագահն առանձնացրեց մասնավորապես 3 մարտահրավեր, որոնցում ՀՀ-ն քաղաքական աջակցություն է ակնկալում մեր գործընկերներից՝ խաղաղության հաստատում մեր տարածաշրջանում, հայ ռազմագերիների խնդրի լուծումը՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանն այն վերածել է քաղաքական սակարկության եւ Հայաստան-Եվրոպական միություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը: Նա շեշտեց, որ հայկական կողմի համար խնդրահարույց է մնում տարբեր խորհրդարանական վեհաժողովներում ադրբեջանական պատվիրակությունների ապակառուցողական դիրքորոշումը եւ շահադիտական նպատակներով նրանց աջակցող պատվիրակների պահվածքը: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց Նիդերլանդների խորհրդարանի գործընկերներին՝ 2020թ. աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը եւ դրա հետեւանքները դատապարտող շուրջ 17 բանաձեւերի համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ քննարկման ընթացքում ԱԺ նախագահն անընդունելի է համարել Ադրբեջանում հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց նկատմամբ իրականացվող շինծու դատավարությունները, որոնք հակասում են միջազգային իրավունքին: Ալեն Սիմոնյանը վերահաստատել է, որ Հայաստանը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ճանապարհով լուծմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափի շրջանակներում:

ՀՀ ԱԺ տեղեկացմամբ՝ Նիդերլանդների Սենատի նախագահը նշել է, որ լավ հիշողություններ ունի ՀՀ ԱԺ պատվիրակության այցից: Կարեւորելով Հայաստանում Նիդերլանդների դեսպանության բացումը՝ նա ասել է, որ այն ոգեւորիչ է եւ մեծապես կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Սենատի նախագահն ընդգծել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Նիդերլանդների խորհրդարանի ընդունած բանաձեւերը լայն արձագանք են ստացել Հայաստանի հասարակությունում:

Նրա խոսքով՝ ցանկացած իրավիճակում չափազանց կարեւոր է մարդու իրավունքների գերակայությունը՝ այս համատեքստում կարեւորելով նաեւ ՀՀ-ԵՄ համագործակցությունը: Հանդիպման ավարտին Անտոնի Բրյունին վերահաստատել է տարածաշրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանն աջակցելու պատրաստակամությունը: ՀՀ ԱԺ նախագահը գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան:
Հայերեն English Français Русский

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան