Մշակույթ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Դուբայում կմասնակցի InClassica 10-րդ միջազգային փառատոնին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Դուբայում կմասնակցի InClassica 10-րդ միջազգային փառատոնին

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 25-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, մեկնում է Դուբայ:

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցում են նվագախմբից, այնտեղ մասնակցելու են դասական երաժշտության InClassica10-րդ միջազգային փառատոնին, որը մեկնարկել է օգոստոսի 15-ին և կտևի մինչև սեպտեմբերի 26-ը:

Փառատոնային 43 օրերի ընթացքում երաժշտական խոշորագույն իրադարձությանը կմասնակցեն համաշխարհային ճանաչում ունեցող 38 կատարողներ, 8 առաջատար նվագախմբեր, 12 դիրիժորներ։

Մասնակիցների շարքում են «Գրեմմի» և Էվերի Ֆիշերիմրցանակների արժանացած ջութակահար Գիլ Շահամը, ՌԴ ժողովրդական արտիստ Դենիս Մացուևը, «Էմմի», ECHO Klassik մրցանակների դափնեկիր, օպերային երգչուհի Դանիել դե Նիզը, «Գրեմմի» մրցանակի արժանացած ջութակահար Մաքսիմ Վենգերովը և այլք:

Փառատոնին կմասնակցեն նաև Ռուսաստանի ազգային նվագախումբը, Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը, Ռեյնլանդ-Պֆալցի Գերմանիայի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և այլ հայտնի նվագախմբեր։ Կհնչեն բազմաթիվ պրեմիերաներ։ Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը։

Փառատոնին զուգահեռ Դուբայում կանցկացվի դաշնամուրային մրցույթի եզրափակիչ փուլը։ Այն մեկնարկել է օգոստոսի 15-ին և կտևի մինչև սեպտեմբերի 3-ը։ Մրցույթին մասնակցում են տարբեր երկրներում նախընտրական փուլը հաղթահարած 14 դաշնակահարներ։

Փառատոնի շրջանակներում տեղի կունենա նաև դասական երաժշտության մերձավորարևելյան ակադեմիայի (MiddleEastClassicalMusicAcademy) շնորհանդեսը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում