Քաղաքականություն

Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատում Ուրուգվայի դիրքորոշումը Արցախի դեմ սանձազերծված պատերազմի առնչությամբ

2 րոպեի ընթերցում

Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատում Ուրուգվայի դիրքորոշումը Արցախի դեմ սանձազերծված պատերազմի առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը մեծապես գնահատում է 2020 թվականի աշնանը Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի առնչությամբ Ուրուգվայի սկզբունքային դիրքորոշումը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Ի թիվս այլոց, երկրի օրենսդիր մարմինը դատապարտել է Ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի կողմից վարձկանների ներգրավումը և Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման և քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծման դեպքերը: Այս ամենը հաստատում է, որ չնայած Հայաստանը և Ուրուգվայը աշխարհագրորեն հեռու են, սակայն հայերի և ուրուգվայցիների միջև շարունակաբար ամրապնդվող արժեքային ու աշխարհընկալման կապը հնարավորություն է տալիս հաղթահարելու մեզ բաժանող կիլոմետրերի հեռավորությունը»,- ասաց Գրիգորյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը ցավով նշեց, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման և գոյության իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքները դեռևս ամբողջովին չեն հաղթահարվել:

«Հայաստանը և Արցախը բախվում են անվտանգային խնդրի, դեռևս չեն հայրենադարձվել հայ ռազմագերիները և քաղաքացիական պատանդները: Այս պարագայում մենք շարունակում ենք ապավինել մեր բարեկամ երկրների և, իհարկե, Ուրուգվայի հետ համերաշխությանը»,- եզրափակեց Գրիգորյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում