Սպորտ

«Ալաշկերտ»-ը Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում է. հաջորդ մրցակիցը Սթիվեն Ջերարդի գլխավորած թիմն է

3 րոպեի ընթերցում

«Ալաշկերտ»-ը Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում է. հաջորդ մրցակիցը Սթիվեն Ջերարդի գլխավորած թիմն է

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 3-րդ տուրի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը հյուրընկալել էր Ղազախստանի չեմպիոն «Կայրաթ»-ին: Այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 0:0:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թիմերը բավականին ակտիվ սկսեցին հանդիպումը: «Ալաշկերտ»-ը նույնիսկ հնարավորություն ուներ բացելու հանդիպման հաշիվը, սակայն խաղից դուրս վիճակ կար:

Թիմերը փոխադարձաբար գրոհում էին՝ փորձելով գտնել միմյանց դարպասը տանող ամենախոցելի օղակը: Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ն օգտագործեց իր արագ հակագրոհը և 43-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ: Աչքի ընկավ Ժոզե Էմբալոն:

«Կայրաթ»-ից երկար ժամանակ չպահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու համար: Առաջին խաղակեսի առաջին ավելացված րոպեին գոլի հեղինակ դարձավ Աիբոլ Աբիկեն: Թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվով:

Երկրորդ կեսի հենց մեկնարկում «Ալաշկերտ»-ը արագ առաջ անցավ հաշվի մեջ: Դուբլի հեղինակ դարձավ Էմբալոն: Ընդամենը 10 րոպե անց «Կայրաթ»-ը կրկին հավասարեցրեց հանդիպման հաշիվը: Գոլն իր ակտիվում գրանցեց փոխարինման մտած Արթուր Շուշենաչևը:

Րոպեներ անց «Կայրաթ»-ը մնաց 10 ֆուտբոլիստով: Կարմիր քարտը ստացավ Դենիս Պոլյակովը, ով շատ կոպիտ գործեց Արտակ Գրիգորյանի դեմ:

Հանդիպման վերջնամասում «Ալաշկերտ»-ը տիրել էր նախաձեռնությանը, սակայն հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

«Կայրաթ»-ը լրացուցիչ ժամանակում մնաց արդեն 9 ֆուտբոլիստով: Կարմիր քարտ ստացավ գոլերից մեկի հեղինակը՝ Աիբոլ Աբիկեն:

Եվ անդադար գրոհներից հետո «Ալաշկերտ»-ը կարողացավ գրավել «Կայրաթ»-ի դարպասը: Ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվեց Ալեքսանդր Գրիշիչը: «Ալաշկերտ»-«Կայրաթ»՝ 3:2:

«Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում կմրցի Շոտլանդիայի չեմպիոն «Գլազգո Ռեյնջերսի» հետ, որի գլխավոր մարզիչը Սթիվեն Ջերարդն է:

Հայաստանի չեմպիոնն ապահովել է տեղը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում