Քաղաքականություն

Հայաստանը սպասում է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունները սկսելու կոնկրետ առաջարկների

2 րոպեի ընթերցում

Հայաստանը սպասում է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունները սկսելու կոնկրետ առաջարկների

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններում ներգրավվել թե բարձր, թե բարձրագույն մակարդակում և սպասում է այդ ուղղությամբ կոնկրետ առաջարկների:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստի մեկնարկին ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով խաղաղ բանակցային գործընթացը վերսկսելու ՄԽ համանախագահների կոչին: «Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մեր ժողովրդից ստացած մանդատը կառավարության վրա դնում է հատուկ պատասխանատվություն: Այս խնդիրը լուծելու համար մենք պետք է լինենք առավելագույնս ակտիվ և ճկուն: Մեր տրամադրությունը և տրամադրվածությունը պիտի լինի հետևյալը՝ առավելագույնն անել օրակարգում առկա խնդիրներով լուծումներ գտնելու համար»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ կան խնդիրներ, որոնք կարող են լուծվել ավելի արագ, հարցեր կան, որոնց լուծումն ավելի երկար ժամանակ է պահանջում, բայց պետք է տրամադրված լինել լուծումների գնալուն: «Նման հարցերից մեկը, որը կարծում եմ, հնարավոր է բավական արագ լուծել, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է, տարածաշրջանային ապաշրջափակման օրակարգը, և կարծում եմ՝ օր առաջ պետք է վերսկսենք աշխատանքները փոխվարչապետերի եռակողմ ձևաչափում և լինենք առավել ակտիվ և նախաձեռնող տարածաշրջանում նոր կոմունիկացիոն և տնտեսական հնարավորությունների իրագործման տեսանկյունից»,- մանրամասնեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը անփոփոխ է: Վարչապետն ընդգծեց, որ այս ուղղությամբ աշխատանքները նույնպես պետք է ակտիվանան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում