Շվեյցարիան պատրաստակամ է մնալ հուսալի գործընկեր Հայաստանի բարեփոխումների գործընթացում. Շվեյցարիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելինը ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությանը, շնորհավորական ուղերձում նշված է.

«Հարգելի՛ պարոն վարչապետ, Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային խորհրդի անունից մեծ հաճույքով Ձեզ եմ հղում իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Միևնույն ժամանակ, այս նշանակալի պաշտոնում Ձեզ եմ ուղղում հաջողության լավագույն բարեմաղթանքներս, ցանկանում եմ Ձեզ անձնական բարօրություն, ինչպես նաև շարունակական բարգավաճում Ձեր երկրին։

Ես հանձնառու եմ խթանելու մեր երկու երկրների միջև առկա գերազանց հարաբերությունները և համոզված եմ, որ ապագայում մեր բարեկամությունն ու համագործակցությունը կշարունակեն խորանալ։ Շվեյցարիան պատրաստակամ է մնալ որպես հուսալի գործընկեր Հայաստանի բարեփոխումների գործընթացում։

Խնդրեմ, ընդունեք, հարգելի՛ պարոն վարչապետ, խորին հարգանքներիս հավաստիքը»:

Հայերեն العربية Français Русский Türkçe