Հասարակական

Արմեն Մուրադյանը «Թաֆթս» համալսարանի դասախոսի հետ քննարկել է բժշկական նոր ծրագրերի ներդրման հնարավորությունը

3 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանը «Թաֆթս» համալսարանի դասախոսի հետ քննարկել է բժշկական նոր ծրագրերի ներդրման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր հյուրընկալել է Բոստոնից Հայաստան ժամանած ԱՄՆ ի «Թաֆթս» համալսարանի կլինիկական դասախոս, Հայ-ամերիկյան բժշկական միության անդամ, Advance Armenia Foundation-ի ներկայացուցիչ Անուշ Սահակյանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԵՊԲՀ-ից տեղեկացրել են, որ Ա. Սահակյանը, չլինելով ԵՊԲՀ շրջանավարտ և 31 տարի ապրելով արտերկրում, մշտապես կապի մեջ է հայ գործընկերների հետ և մեծ նպատակ ունի նպաստել 100-ամյա բժշկական դարբնոցում, ծննդավայրում նոր ծրագրերի իրականացմանը:

Նախորդ տարի իր ղեկավարած HealthforArmenia Initiativeնախաձեռնության շրջանակում նա արդեն սարքավորումներով աջակցել է «Հերացի» թիվ մեկ համալսարանական հիվանդանոցի նյարդավիրաբուժական բաժանմունքին:

Այս անգամ հայրենիք կատարած այցի շրջանակում մասնագետը եղել է նաև Արցախում, աշխատանքային տարբեր հանդիպումներ ունեցել հայաստանյան բժշկական կազմակերպություններում:

Արմեն Մուրադյանը, ողջունելով հյուրի նախաձեռնողականությունը, նշել է, որ ԵՊԲՀ-ն բաց է համագործակցության համար՝ ուսումնական, կլինիկական, գիտական, ինչպես նաև սոցիալական ուղղվածության ոլորտներում:

Ռեկտորն ընդգծել է, որ համագործակցության առանցքում կլինեն ուսումնական՝ մասնավորապես գրադարանային ցանցի բարելավման ծրագրերը:

Բուհի ղեկավարն անդրադարձ է կատարել նաև հայ սովորողների արտերկրում հետազոտական ծրագրերի իրականացման, վերապատրաստումների, փոխանակային ծրագրերի հնարավորություններին՝ կարևորելով վերադարձից հետո հայրենիքում այդ ծրագրերի կիրառումն ու տարածումը:

HealthforArmenia Initiativeնախաձեռնության հիմնադիրն էլ նշել է, որ այս այցի նպատակն առողջապահության ոլորտի կարիքների գնահատումն է՝ սկսած բժշկական կրթությունից մինչև բուժսպասարկում:

Անուշ Սահակյանը բժշկական կրթություն է ստացել Նյու Յորքում, կլինիկական օրդինատուրա է անցել Բոստոնում, ունի նաև հանրային առողջության մագիստրոսի և կլինիկական ինֆորմատիկայի մասնագետի կրթական աստիճաններ:

Սեպտեմբերի վերջին նախատեսվող այցի շրջանակում, նա դասախոսությամբ հանդես կգա ապագա բժիշկների և հայ գործընկերների համար՝ խոսելով հանրային առողջապահական թեմաների, այդ թվում՝ պատվաստվելու կարևորության մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում