Իշխանությունը ՀՀ-ում անշրջելիորեն պատկանում է ժողովրդին. Նիկոլ Փաշինյանի ուղերձը  Սահմանադրության օրվա առիթով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ՝ նշելով, որ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն ի ցույց դրեցին, որ տասնամյակների պայքարից հետո սահմանադրական դրույթը, որ իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով, Հայաստանում հաստատված է անշրջելիորեն: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ուղերձում նշված է. «Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ,

շնորհավորում եմ բոլորիս հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվա առիթով: 2021 թվականի հուլիսի 5-ը դիմավորում ենք կատարելապես նոր պայմաններում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ոչ փոփոխելի 2-րդ հոդվածը լրումին հասած: Ըստ այդ հոդվածի՝ իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով:

2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն ի ցույց դրեցին, որ տասնամյակների պայքարից հետո սահմանադրական այս դրույթը Հայաստանում հաստատված է անշրջելիորեն: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի այսօր տեսնում է, գիտի, որ ինքը որոշիչ ուժ է, այնպես, ինչպես նախատեսված է մեր երկրի Սահմանադրությամբ:

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները, ըստ այդմ, ցույց տվեցին, որ վերջին երեք տարիներին մեր սահմանադրական գիտակցության մեջ տեղի են ունեցել խորքային փոփոխություններ, և Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձան ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու և ոչ թե ճգնաժամ հարուցելու միջոց: Սա սահմանադրական իրականություն ստեղծելու մեր առաքելությունը նոր թափով կյանքի կոչելու ամուր նախադրյալներ է ստեղծում:

Մեր առաջիկա անելիքների առանցքը ձևակերպված է մեր երկրի Սահմանադրության նախաբանում և առաջին հոդվածում: Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն լինելու նյութականացման շուրջ պիտի համախմբենք մեր ազգային լավագույն ներուժը, և այդ համախմբումը պիտի տեղի ունենա համաձայն ժողովրդի կամքի և ոչ թե ի հեճուկս նրա:

Մեր առաջիկա անելիքների առաջնահերթությունների շարքում արտաքին, սահմանադրական անվտանգության օրակարգերն են, այդ օրակարգերը սպասարկելուն կոչված պետական ինստիտուտների բարեփոխումը և կայացումը: Այս օրակարգերի պատշաճ սպասարկումն է, որ պիտի ապահովի մարդու, մարդկային ներուժի զարգացման համար անհրաժեշտ իրավական, սոցիալական, կրթական, ենթակառուցվածքային պայմանների հասանելիությունը, և այս օրակարգի վրա պիտի աշխատենք օրնիբուն՝ մեր երկրի անվտանգությունն ու հզորությունը, մարդու և քաղաքացու ազատությունը, երջանկությունն ու բարեկեցությունը որպես նպատակ ունենալով:

Այս ընթացքում, ակնհայտորեն, չի հաջողվի խուսափել մեր երկրի կառավարման համակարգի շուրջ քննարկումներից, բայց այս կարևորագույն հարցում էլ պիտի առաջնորդվենք «կտրելուց առաջ յոթ անգամ չափելու» սկզբունքով:

Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ,

խոնարհվելով հանուն հայրենիքի, հանուն ինքնիշխան պետության իրենց կյանքը զոհած մեր բոլոր եղբայրների ու քույրերի հիշատակի առաջ՝ շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա՝ հուլիսի 5-ի առիթով»:

Հայերեն العربية English Français Русский

Թրամփը մեղադրել է Բայդենին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին