ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում քվեարկությունը գաղտնի է, գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլ նաև՝ պարտականություն, ընտրողը պարտավոր է գաղտնի քվեարկել և արդյունքը չի կարող հայտնել քվեարկության սենյակում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԿԸՀ-ում ասուլիսում ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը՝ հիշեցնելով քվեարկության կարգը:
Ընտրողը ընտրություններին ստանում է 25 քվեաթերթիկ՝ թվագրված 1-26 համարներով, սակայն 22 համարը բացակայում է, քանի որ ինքնաբացարակ է հայտնել: Սմբատյանը շեշտեց, որ ընտրողը պարտավոր է վերցնել բոլոր քվեաթերթիկները, չի կարող վերցնել քվեաթերթիկները՝ ըստ իր ճաշակի: Հանձնաժողովի անդամը պարտավոր է նրան տրամադրել բոլոր քվեաթերթիկները՝ ըստ հերթականության՝ 1-26 կամ 26-1:
«Ընտրողը քվեաթերթիկներով և քվեարկության ծրարով քվեախցին է մոտենում և քվեախցիկում գաղտնի քվեարկում: ՀՀ-ում քվեարկությունը գաղտնի է, գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլև՝ պարտականություն: Պետք է հիշել, որ ընտրողը պարտավոր է գաղտնի քվեարկել և իր քվեարկության արդյունքն իրավունք չունի հայտնել քվեարկության սենյակում»,-ասաց ԿԸՀ քարտուղարը:
Ընտրողը պետք է ընտրի 25 քվեարթերթիկներից միայն մեկը և դնի ծրարի մեջ: Սմբատյանը հիշեցրեց՝ քվեատուփին մոտենալիս չպետք է մոռանալ քվեարկության կտրոնը:
«Եթե ընտրողը կորցնի քվեարկության կտրոնը, ապա հանձնաժողովը ստիպված կլինի նրա ձեռքից վերցնել ծրարը և քվեաթերթիկը և առանց պարունակությունը ստուգելու պատռել: Քվեարկության կտրոնը պետք է հանձնել հանձնաժողովի այն անդամին, որը նստած է քվեատուփի մոտ, միայն դրանից հետո հանձնաժողովի անդամը ծրարի ճեղքի միջոցով ինքնասոսնձվող դրոշմանիշ կփակցնի քվեաթերթիկի վրա, և միայն այդ պահից է քվեաթերթիկը դառնում ընտրական փաստաթուղթ՝ հաշվարկման ենթակա»,- ասաց նա:
Հայաստանում հունիսի 20-ի ժամը 08:00-ին մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն, 4 դաշինք: