«5165» շարժման անդամները քարոզարշավ են իրականացրել Գյումրիում և Էջմիածնում
2 րոպեի ընթերցում
![«5165» շարժման անդամները քարոզարշավ են իրականացրել Գյումրիում և Էջմիածնում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/06/1055839.jpg)
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանն ու շարժման անդամները քարոզարշավի վերջին օրը սկսել են Էջմիածին քաղաքից: Սուրբ Գայանե եկեղեցում աղոթքից հետո շրջել են քաղաքով, ներկայացրել իրենց քաղաքական ուժի նախընտրական ծրագրի դրույթները՝ առաջնահերթությունը տալով անվտանգության ոլորտում հոգևոր և մշակութային բաղադրիչներին, «Արմենպրես»-ին տեղեկացրին «5165» շարժումից։
«Քաղաքացիներին փոխանցվեցին Կարին Տոնոյանի կողմից գրված անհատական նամակները, որոնցով «5165» շարժումը կոչ է անում պարտադիր մասնակցել առաջիկա արտահերթ ընտրություններին` սեփական երկրի ապագան կանխորոշելու հրամայականով։
Հաջորդիվ «5165» շարժումը մեկնեց Գյումրի՝ ճանապարհին կանգ առնելով և ծաղիկներ խոնարհելով Սողոմոն Թեհլերյանի հուշարձանի մոտ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ Շիրակի մարզկենտրոն Գյումրիում անցկացվել է հանրահավաք, որի ժամանակ Կարին Տոնոյանը ևս մեկ անգամ կոչ է արել բոլորին գնալ ընտրության՝ քվեարկելով խղճի կամոք. «Ընդամենը երկու օրից մենք որոշելու ենք Հայաստանի ճակատագիրը։ Քվեարկեք վերլուծելով, քանի որ հենց այս ընտրություններից է կախված Հայաստանի ապագան։ Որոշ ուժեր ցանկանում են գալ իշխանության իրարից վրեժ լուծելու համար, իսկ մենք՝ հանուն հայի և Հայաստանի»։
ՀՀ վաստակավոր արտիստ, շարժման հիմնադիր անդամ Արսեն Գրիգորյանն էլ կարևորել է այն, որ տարբեր ոլորտի մարդիկ հիմա պետք է մասնակից լինեն երկրի վերականգնման գործին։ Նրա խոսքով՝ պետականաշինության հիմնաքարարերից է նաև կազմակերպված հայրենադարձությունը։
Շարժման անդամներ Մենուա Սողոմոնյանը, Գևորգ Թամամյանը, Տիգրան Բալոյանը, Հովհաննես Ղազարյանը, Վարդան Քալանթարյանն ու մյուսները խոսել են Հայաստանում առկա խնդիրներից՝ անվտանգության, կրթության, առողջապահության և մի շարք այլ ոլորտներում, առաջարկեցին լուծման իրենց տեսլականը։
Օրվա ավարտին «5165» շարժումը երթ է իրականացրել դեպի Գյումրու Սուրբ Աստվածածին (Յոթ վերք) եկեղեցի։