ԲՀԿ-ն նախընտրական քարոզարշավի ընթացքում ներկայացնում է երկրում առկա խնդիրները և դրանցից ելքերը
2 րոպեի ընթերցում
![ԲՀԿ-ն նախընտրական քարոզարշավի ընթացքում ներկայացնում է երկրում առկա խնդիրները և դրանցից ելքերը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/06/1055075.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում չի հանդուրժի ագրեսիա, չի կազմակերպի շոուներ և չի քարոզի անհանդուրժողականություն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ նախընտրական քարոզարշավն ամեն օր ընթանում է աշխատանքային ռեժիմով:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները, պատգամավորության թեկնածուները հանդիպումներ են ունենում քաղաքացիների հետ ՀՀ բոլոր մարզերում: Դրա հետ մեկտեղ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մարզկենտրոններում շատ ակտիվ հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ»,- նշեց Աբովյանը:
Նա ընդգծեց, որ նախընտրական քարոզարշավի իրենց ընտրած ձևաչափը բավականին արդյունավետ է:
«Կա մի առանձնահատկություն՝ մարդկանց հետ պետք է խոսել, շփվել ու նրանց պետք է շատ հստակ և պարզ ձևով ներկայացնել այն բոլոր խնդիրների լուծումները, որոնք այսօր ծառացած են մեր առաջ: Բոլոր քաղաքական ուժերը մատնանշում են այն ինչը վատ է, սակայն ոչ բոլորն են նշում ելքերը: Մենք շոուներ չենք կազմակերպելու կամ ագրեսիա ու անհանդուրժողականություն չեն քարոզելու: Մենք այդ ամենը չենք ընդունել, չենք ընդունում և չենք ընդունելու»,- ասաց Արման Աբովյանը: