Դժվարությունները մեր միասնությունն ուժեղացնում են և հզորացնում. Փաշինյանը հանդիպել է ապարանցիների հետ
2 րոպեի ընթերցում
![Դժվարությունները մեր միասնությունն ուժեղացնում են և հզորացնում. Փաշինյանը հանդիպել է ապարանցիների հետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/06/1054783.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս քարոզարշավն ու դրա ընթացքում տեղի ունեցածը ցույց է տալիս, որ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» կարգախոսը օդից չէ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ապարանցիների հետ հանդիպմանը հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Այստեղ քաղաքական համախոհության խնդիր չկա, սա իսկապես մի իրավիճակ է, երբ ժողովուրդն ունի իրավունք իր իշխանության նկատմամբ զայրանալ, քննադատել նրան, դժգոհ լինել, բայց այդ դժգոհությունն այնպիսինն է, ինչպես ընտանիքում կարող ես լինել ընտանիքի անդամի նկատմամբ:Այսօրվա քարոզարշավը դա է ցույց տալիս: Դժվարությունները մեր միասնությունն ուժեղացնում են և հզորացնում»,- հայտարարեց Փաշինյանը:
Նա վերահաստատեց ավելի վաղ արած հայտարարությունն այն մասին, որ ժողովուրդն իրենցից դժգոհ է թավիշի համար:
«Ժողովուրդը մեզնից դժգոհ է, որ 2018 թվականից հետո մենք կադրային ջարդ չիրականացրինք և բազմաթիվ ապաշնորհներ մնացին իրենց տեղերում, իսկ այսօր էլ փորձում են ընտրություններից առաջ քաղաքացիների նկատմամբ ապօրինի հարկադրանքի միջոցներ կիրառել»,- նշեց նա՝ հայտարարելով, որ հունիսի 21-ից շարունակելու է բոլոր նման պաշտոնյաների պաշտոնանկության գործընթացը: «Այո, մենք դա անվանելու ենք քաղաքական և ժողովրդական վենդետա, անվանելու ենք կադրային ջարդ, և բոլոր ապաշնորհ պաշտոնյաները պետք է հեռացվեն պետական համակարգից»,- ավելացրեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը: