Քաղաքականություն

Մեկնարկեց «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավը

3 րոպեի ընթերցում

Մեկնարկեց «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Հայրենիք» կուսակցության «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկով ազդարարեցին, որ նախատեսում են մարզերում շրջելու ընթացքում բնակչությանը ներկայանալ ապագայի մասին իրենց պատկերացումներով: ՀՀԿ ղեկավար, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 7-ին ասուլիսին հայտնեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքը արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում նախատեսում է հաստատել ներհասարակական համերաշխություն ու փակել բևեռացումների ճանապարհը:

«ՀՀԿ-ի ու «Հայրենիք» կուսակցության ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքն իր օրինակով ժողովրդին ցույց է տալիս հանուն ազգային նպատակների փոխզիջումների գնալու և միասին աշխատելու անհրաժեշտությունը: Գալիք երկու շաբաթվա ընթացքում մեր թեկնածուները՝ մեզ հետ միասին, կշրջեն հանրապետության բոլոր մարզերով, և մեր ծրագրով, ապագայի մեր պատկերացումներով, կներկայանան հայ ժողովրդին: Առաջիկա ընտրությունները մահը հաղթելու և վեր հառնելու հնարավորություն են: Մեր խնդիրը երկրում կրկին ներհասարակական համերաշխություն հաստատելը և բևեռացումների ճանապարհը փակելն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սարգսյանը և շեշտեց, որ իրենք վճռական են տրամադրված:

Նրա խոսքով՝ առաջիկա ընտրությունները սովորական չեն և, որ այս անգամ ընտրությունը պետություն ունենալու և չունենալու միջև է, հայրենիքը կորցնելու և չկորցնելու միջև է: Սարգսյանը կրկին վերահաստատեց, որ խորհուրդներով ինքը կանգնած է լինելու դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանի և առհասարակ յուրաքանչյուրի թիկունքին:

Վանեցյանն էլ շեշտեց, որ այսօր խախտված են ՀՀ-ի սահմանները, ինչն անվտանգության տեսանկյունից լրջագույն խնդիր է:

«Պատիվ ունեմ» դաշինքում լավ գիտեն ներքին և արտաքին սպառնալիքների չեզոքացման ձևերը: Ես համոզված եմ, որ մեր ծրագրում Հայաստանի փրկության ճանապարհային քարտեզն է: Վստահ եմ, որ այս ծրագրով ու թիմով, հունիսի 20-ին, ձեր ընտրության դեպքում մենք կկարողանանք ուղղել մեր մեջքը, կպնենք գործենք, որպեսզի ապրենք»,- նշեց Վանեցյանը՝ ստորագրությամբ հաստատելով դաշինքի նախընտրական ծրագիրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում