Քաղաքականություն

Չեմ կարծում, որ ունենք իրավիճակ, որտեղ նման խնդիր կա. Գրիգորյանը՝ Այվազյանի հայտարարության մասին

2 րոպեի ընթերցում

Չեմ կարծում, որ ունենք իրավիճակ, որտեղ նման խնդիր կա. Գրիգորյանը՝ Այվազյանի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն անդրադարձավ Արտաքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացրած Արա Այվազյանի հայտարարությանը, որում նա հրաժարականը հիմնավորում էր մասնավորապես պետական շահի դեմ որևէ նախաձեռնության համաձայնության չտալու ցանկությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես չեմ կարծում, որ մենք ունենք մի իրավիճակ, որտեղ նմանատիպ խնդիր ընդհանրապես գոյություն ունի: Բնականաբար բոլորիս համար առաջնային են ազգային շահերը, և որևէ առիթ չեմ տեսնում»:

Նա,այնուամենայնիվ, հորդորեց հայտարարության վերաբերյալ հարցը ուղղել Արա Այվազյանին:

Փոխվարչապետի պաշտոնակատարը բացառեց չհրապարակված որևէ նախաձեռնության գոյություն: Նա վստահեցրեց, որ չկա որևէ գաղտնի փաստաթուղթ: «Ինչ-որ քննարկվում է, մաքսիմալ հրապարակային է: Չի էլ կարող լինել գաղտնի փաստաթուղթ, որը չհրապարակվի կամ հանրայնորեն չքննարկվի»,-ասաց Գրիգորյանը:

Արա Այվազյանի հրաժարականի մասին հայտնի էր դարձել մայիսի 27-ին: Այվազյանը մայիսի 31-ին ԱԳՆ-ում ունեցած հրաժեշտի հանդիպմանը հայտարարել է. «Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում